«Սասնա Ծռեր»-2-ի գործով այսօրվա դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերացրեց մի քանի ամբաստանյալի՝ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելանքը:
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանը, բավարարելով ներկա պաշտպանների՝ ավելի վաղ արված միջնորդությունները, թույլատրեց մի քանի ամբաստանյալներին տեսակցել իրենց ընտանիքների եւ մերձավոր ազգականների հետ, ինչպես նաեւ վերացրեց հեռախոսային խոսակցությունների արգելանքը:
Դատարանը վերացրել է ամբաստանյալներ Արամ Մանուկյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Մելքոնյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Թորոս Թորոսյանի, Հովհաննես Վարդանյանի մերձավոր ազգականների ու ընտանիքի անդամների հետ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը:
Դատարանը վերացրել է նաև ամբաստանյալներ Վարդգես Գևորգյանի, Մանվել Աթոյանի և Գառնիկ Հովակիմյանի հեռախոսային խոսակցությունների արգելքը՝ վերջիններիս տեսակցությունների արգելքն ավելի վաղ է վերացվել: