Հայաստանի Ազգային ժողովիփոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպումից շրջադարձի ակնկալիքներ չունի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ Ադրբեջանն իրականացնում է քաղաքականություն, որը չի բխում բանակցային գործընթացի տրամաբանությունից: «Վերջերս Ադրբեջանի նախագահը Իսլամական համագործակցության կոնֆերանսում կրկին խոսեց ոչ քաղաքական լեքսիկոնով, սկսեց ստեր տարածել, թե Հայաստանում մահմեդականների իրավունքները ոտնահարվում են, թե Հայաստանում իսլամաֆոբիա է տարածվում, Արցախն էլ իրենց պատմական տարածքն է»,- նշեց Շարմազանովը:
 
Նա հավելեց, որ ինքն արդեն մեկ անգամ պատասխանել է, որ պատմական տարածք ունենալուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ: «Մեկ անգամ ասել եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ավելի մեծ է, քան Ադրբեջանը, հիմա էլ կարող եմ նույնն ասել Դաստաևսկու «Ապուշ»-ի պահով: Դաստաևսկին իր «Ապուշ»-ը վեպը 50 տարի ավելի շուտ է գրել, քան սկսվել է Ադրբեջանի պատմությունը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
 
Նա ընդգծեց, որ հայկական կողմը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի առաջարկած երեք հիմնական սկզբունքների հիման վրա և բանակցային ճանապարհով խնդրի կարգավորման կողմնակից է: «Սակայն ապրիլյան գործողություններից հետո եղել է երկու գագաթնաժողով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, և Ադրբեջանը պարտավոր է կատարել այդ գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որովհետև առանց դրա անհնար է ակնկալել որևէ առաջընթաց»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը: