Կցանկանայի, որ Դորտմունդի «Բորուսիան» խաղար Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն: Ռումինացի մասնագետն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած խոշոր հաշվով պարտությանը:
«Բորուսիան» տարավ արժանի հաղթանակ եւ արժանիորեն շարժվում է առաջ: Այս գիշեր «Բորուսիան» մի թիմ էր, որին հաղթելը շատ դժվար էր: Որոշակի հույսեր կային մինչեւ խաղի 30-րդ րոպեն, քանի որ մինչեւ այդ «Բորուսիան» ոչնչով աչքի չէր ընկնում, իսկ մենք սպասում էինք հակագրոհի հնարավորության: Ցավոք, նրանք գոլ խփեցին անկյունայինի խաղարկման արդյունքում, ինչից հետո մեր պլանները փոխվեցին:
Ընդմիջման ժամանակ ես իմ ֆուտբոլիստներին ասացի, որ նրանք փոխեն իրենց խաղը. դա նկատվեց երկրորդ խաղակեսի մեկնարկային 15 րոպեներին: Մենք մի քանի գոլային պահեր ունեցանք եւ կարող էինք հասնել հաջողության, սակայն մեր դարպասապահի սխալը վերջ դրեց բոլոր հույսերին:
Հաջողություն եմ մաղթում «Բորուսիային»: Կցանկանայի, որ այս թիմը խաղար եզրափակիչում: «Բորուսիան» շատ ուժեղ թիմ է եւ ցուցադրում է շատ լավ ֆուտբոլ»,- Լուչեսկուի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: