Զբոսաշրջության պետական կոմիտեն Համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիության բարձրացման ուղղությամբ լուրջ քայլեր է իրականացնում:
 
Այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանԶբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:
 
«Այսօր տուրիզմի միջազգային օրվա հետ կապված մի միջոցառում ունենք, որն իրականացվելու է My Armenia ծրագրի շրջանակում: ՀՀ Վայոց Ձորի, Տավուշի և Լոռու մարզերում կազմակերպվել է տեղական զբոսավարների պատրաստման ծրագիր և դասընթաց անցած զբոսավարներին հավաստագրեր ենք շնորհելու»,- տեղեկացրեց Ապրեսյանը:
 
Նա նաև նշեց, որ ավանդաբար, արդեն 7-րդ տարին է, ինչ իրականացվում է հանդիսություն նվիրված զբոսաշրջության միջազգային օրվան: Ապրեսյանի խոսքով՝այն տեղի է ունենալու հոկտեմբերի 2-ին ժամը 18:00-ին:
 
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալն ընդգծեց, որ իրենք իրենց առջև դրել են խնդիրներ և աստիճանաբար լուծելու են:
 
«Զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականության նպատակն է զբոսաշրջության զարգացման միջոցով նպաստել երկրի կայուն տնտեսական զարգացմանը: Մենք այդպիսով փորձում ենք նաև նպաստել համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, համաշխարհային համագործակցության գործընթացներին ավելի արդյունավետ ներգրավմանն ու ինտեգրմանը և Հայաստանի հեղինակության բարձրացմանը»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:
 
Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրով նպատակ է դրված մինչև 2022 թվականը Հայաստանում ներգնա զբոսաշրջության այցելությունների թիվը տարեկան հասցնել 3 միլիոնի:
 
«Այս նպատակներին հասնելու համար մենք դրել ենք մեր առջև մի քանի խնդիր` վարել ակտիվ նպատակային մարքեթինգային քաղաքականություն, նպատակային շուկաներում իրականացնել երկրի ներկայացման խթանման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ: Այդ ամենին զուգահեռ շատ է կարևորվում ծառայությունների որակի պահպանումը, բարձրացումն ու ամրապնդումը: Այդ նպատակով մենք պետք է նորացնենք, հստակեցնենք և սահմանենք ոլորտում զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ որակական չափանիշներ»,- նշեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:
 
Համաշխարհային շուկային Հայաստանի հասանելիության բարձրացման ուղղությամբ լուրջ քայլեր են իրականացվում` տրանսպորտի մատչելիության ապահովման և սահմանային անցման գործընթացների, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման միջոցով:
 
Զբոսաշրջության համաշխարհային օրը 1980 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր նշվում է ամեն տարի: Տոնի նպատակն ի սկզբանե եղել է տուրիզմի մասսայականացումը, համաշխարհային տնտեսության մեջ դրա ունեցածավանդի լուսաբանումը, տուրիզմի միջոցով արդյունաբերության զարգացումն ու տարբեր պետությունների հետ կապերի հաստատումն ու ամրապնդումը: Այն կոչված է համաշխարհային հանրության ուշադրությունըսևեռելու զբոսաշրջության կարեւորության, դրա սոցիալական, մշակութային եւ տնտեսական նշանակության վրա: