Շիրակի պետական համալսարանում տիրող իրավիճակի վերաբերյալ ուսանողներն իրենց վերբերմունքն արտահայտեցին օրեր շարունակ տևած դասադուլով: Սակայն վերջիններս ժամանակավորապես դադարեցրել են դասադուլը՝ ստանալով բանավոր հավաստիացում, որ իրենց պահանջները կատարվելու են: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը:
«Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպեց ուսանողների հետ և խոստացավ կատարել նրանց կողմից բարձրացրած երկու կարևորագույն պահանջները։ Դրանք են՝ ուսումնական պլանների վերանայում, քանի որ խայտառակ վիճակում են գտնվում բուհի բոլոր ֆակուլտետների ուսումնական պլանները: Նախարարը խոստացել է, որ անպայման ինստիտուտի ղեկավարությունը կվերանայի: Մենք մեկ ամիս հին ուսումնական պլանով ենք դասավանդել, այդ ինպե՞ս կարելի է վերանայել, և անհայտ է՝ երբ կվերանայեն, կվերջնեն:
Երկրորդը դա ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից հրամանի չեղարկումն էր, որի համաձայն բարձր ՄՈԳ ունեցող ուսանողները զեղչ չպետք է ստանային»,- ասաց Համբարյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի ոչ մի բուհում նման «բեսպրիդել» չկա, ինչպես ՇՊՀ-ում:
Նա նշեց, որ Լևոն Մկրտչյանը ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա են գտնվել մոտ 25-30 ուսանող, իմանալով ուսումնական պլանների խայտառակ վիճակի մասին, ինչպես նաև բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների զեղչերի խնդիրների մասին, բացահայտ ասել է՝ գնացեք դիմեք դատարան․ «Նախարարը բոլորին իր հայտարարությամբ ցույց է տվել, որ պարոն Մինասյանը քրեորեն պատժելի արարք է կատարել։ Սակայն դրանից հետո հարցազրույց տալով լրատվամիջոցներին՝ սկսել է պարոն Մինասյանի օմբուդսմանի դերը խաղալ։ Նա հայտարարել է, որ բուհում միջանձնային հարաբերություններ կան։ Դասախոսներս ու ուսանողները զարմացած են։ Շատ հետաքրքիր է, եթե ես գիտխորհրդի փաստաթուղթն եմ ներկայացնում, եթե ապօրինի, խատառակ աշխաավարձեր եմ ներկայացնում, որը ստանում են պարոն Մինասյանի օգնականը, խոհրդականը, ինստիտուտի բժշկուհին և այլն, այստեղ ի՞նչ միջանձնային խնդրի մասին է խոսքը։ Փորձելով կրկին պաշտպանել բազմաթիվ անօրինականություններ թույլ տված ռեկտորին՝ Մկրտչյանը հայտարարել էր, որ խնդիրները խորքային չեն։ Այսինքն, ռեկորը պետք է դասախոսին կամ ուսանողին սպանի, որ խնդիրը խորքայի՞ն լինի»,- զայրույթն արտահայտեց դասախոսը։
Համբարյանի կարծիքով՝ ԿԳ Նախարարը, փաստորեն, իր հայտարարությամբ զբաղվեց Մինասյանի հանցանքների կոծկումով՝ պաշտպանելով նրան։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ հինգ անգամ նախարարի պաշտոնը զբաղեցրած Մկրտչյանը չէր կարող անտարբեր մնալ Շիրակի մարզի կրթության համակարգը տնօրինող մարդու նկատմամբ, ում հետ ինքը դեռևս կհամագործակցի։
«Դասադուլը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ ուսանողնեը սպասում են նաև ևս մեկ պահանջի կատարման։ Քանի որ մեր բաց նամակից հետո, որը ուղղել էինք վարչապետին, և դրանից հետո պարոն Մինասյանը հավաքել էր իր գիտխորհուրդը և ապօրինի որոշում էր ընդունել աշխատանքից ազատել Հովհաննես Խորիկյանին, հիմա ուսանողները պահանջում են, որ գիտխորհրդի քաղվածքը տրամադրեն։ Մենք հստակ տեղյակ ենք, թե ովքեր ինչպես են քվեարկել, որովհետև այնտեղ եղել են և՛ դեմ քվեարկողներ, և՛ ձեռնպահ մնացողներ»,- նշեց նա։
Սոնա Հարությունյան