Այվազովսկու՝ Ռուսաստանում հափշտակված «Ծովը» նկարը հանվել է Շվեյցարիայի աճուրդային տան վաճառքից, ինչի մասին հայտնել է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Նրա խոսքով՝ ստացվել էին տվյալներ, որ Շվեյցարիայի տարածքում Koller աճուրդային տունը վաճառքի է հանել Հովհաննես Այվազովսկու «Ռեւելի տեսարան» նկարը, որն ստեղծվել է 1845 թվականին: Նկարի իսկական անվանումն է «Ծովը»:
«Ստեղծագործությունը հափշտակվել էր 1976 թվականին «Դմիտրովսկի կրեմլ» թանգարան-արգելոցից: Ինտերպոլի կապուղիներով շվեյցարացի գործընկերների հետ փոխգործակցության ընթացքում ավելի քան 1 միլիոն դոլար գնահատվող հափշտակված նկարը հանվել է աճուրդային վաճառքից»,- նշել է ՆԳՆ-ի ներկայացուցիչը:
Ներկայում նկարը Ռուսաստան վերադարձնելու աշխատանքներ են տարվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: