ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ կայացած զրույցում հայտնել է, որ իր անձնական կարծիքով, ինտերնետի գինը Հայաստանում բավական հասանելի է՝ աշխարհի տարբեր երկրների համեմատ: Թե որ երկրները նկատի ուներ Վահան Մարտիրոսյանը՝ դժվարանում ենք ասել: Եթե նախարարը մեր երկիրը համեմատում է, ասենք, Նուարուի հետ, որի հետ, ի դեպ, վերջերս դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք, ապա՝ այո՛, այստեղ Մարտիրոսյանի հետ չես վիճի: Սակայն եթե խոսքը գնում է զարգացած պետությունների մասին, ապա նախարարի խոսքերը, մեղմ ասած, կասկածներ են հարուցում: Ինտերնետը Հայաստանում թանկ է և չի համապատասխանում բնակչության եկամուտների մակարդակին՝ գերազանցելով աշխարհի միջին սակագները՝ 5-10 անգամ։ Ինտերնետի գումարները Հայաստանում ավելանում են ոչ թե մեծ ծախսերի պատճառով, այլ ինտերնետի մատակարարները պարզապես չեն ցանկանում որակյալ ինտերնետն էժան գնով վաճառել ու այդպիսով գերշահույթներ են ստանում։ Այդ բարձր գների հետեւանքով է, որ մեր շուկայում այդպես էլ չի ավելանում ինտերնետից օգտվողների քանակը։ Վահան Մարտիրոսյանը շահագրգռված էլ չէ իրականությունը օբյեկտիվորեն ներկայացնելու հարցում:
Ավելին, նա իբրև «Ռոստելեկոմի» սեփականատեր, այդպես էլ պետք է ասեր՝ ամեն ինչ հոյակապ է, գներն էլ՝ մատչելի: Բայց, ցավոք սրտի՝ դա իրականության հետ որևէ աղերս չունի: Գուցե ստեղծված իրավիճակից շահի իր ընկերությունը, սակայն արդյո՞ք այս աչքկապոցին կպաստի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը: Վարչապետ Կարեն Կարապետյանը ջանք ու եռանդ չի խնայում համայն աշխարհին համոզելու, որ Հայաստանը ՏՏ ոլորտում գերտերություն է իսկ Վահան Մարտիրոսյանը ջուրն է լցնում Կարապետյանի դրայվի շնորհիվ մեր ՏՏ ոլորտի վաստակած հեղինակությունը՝ ակնհայտ պաշտպանելով ոչ թե ոլորտի, այլ իր սեփական բիզնես շահերը...