Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի քննարկման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբկցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց չսահմանափակել փոքրամասնություն կազմող խմբակցությունների իրավունքները՝ որպես համեմատության օրինակ ներկայացնելով օրանգուտանների և կապիկների տարբերությունները:
Փաշինյանի այս դիտարկմանն անմիջապես արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը. «Քանի որ ես չեմ տիրապետում կենդանական և կապիկական աշխարհի նյուանսներին, երևի թե օրենքից պիտի խոսեմ, որովհետև շիմպանզեների և օրանգուտանների մասին, լավ կլինի, որ բուն մասնագետները խոսեն: Եթե մենք խոսում ենք, որ ինչ-որ ֆրակցիայից գործիք ենք վերցնում, մենք մոլորության մեջ ենք գցում, այդ գործիքն անգործության է մատնվելու քաղաքական ցանկացած դասավորության պայմաններում: Արվում է մի բան, որն իրականում անգործ է: Այնպես որ, թող տպավորություն չստեղծվի, որ ինչ-որ ֆրակցիայի ձեռքից ինչ-որ բան է վերցվում, ուղղակի անգործության է մատնված այդ օրենքը»,-ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ վերադառնալով կապիկների թեմային, որն, ըստ իրեն, անչափ գայթակղիչ թեմա է, ուզում է մի երկու բան ասել. «Շիմպանզեներ, օրանգուտաններ լինում են ամենուրեք, լինում են այս կամ այն տարածության մեջ ու կապված նրանից, թե ինչպիսին է մեր վերաբերմունքն այդ կենդանիների հանդեպ, մենք տալիս ենք մեր սեփական ինքնագնահատականը: Այս դեպքում մենք ասում ենք՝ օրենքը համապատասխանեցվում է Սահամանադրությանը ու որևէ եզր, որևէ չակերտավոր կապիկություն չկա սրանում»: