Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ԱԺ էր եկել՝ պատասխան տալու այրված անտառների, ցամաքած լճերի, մսխված ջրային ռեսուրսների, շահագործվող հանքերի ու մյուս բոլոր «մեղքերի» համար: Նախարարի համար ամեն ինչ հալած յուղի պես չանցավ: Հայրենի երեսփոխաններն ավելի հետաքրքրասեր գտնվեցին և նրան մի շարք տհաճ դրվագներ հիշեցրին: Մասնավորապես, խոսք գնաց Հաղարծինի բնակիչների կողմից ճանապարհների փակման դեպքի մասին: Ու հենց այստեղ էլ Արծվիկ Մինասյանը որոշեց «խոսքը կտուրը գցել»: Ըստ նրա՝ այդպիսի դրվագներ են գրանցվում, քանի որ որոշ մարդիկ, առիթից օգտվելով՝ մարդկանց փողոց են հանում: Արծվիկ Մինասյանը նշեց, որ խորհրդակցություններ են եղել նախագահի, վարչապետի մոտ և այս առումով շատ կոշտ ու կտրուկ են լինելու: Նա անընդունելի համարեց, որ քաղաքացիներին օգտագործելով` որոշ մարդիկ կազմակերպած բիզնես են իրականացնում:

Այս արտահայտությունը` «որոշ մարդիկ», մեր երկրում անչափ լայն տարածում է ձեռք բերել: Դրանք ամենուր կան, երբ ինչ-որ բան այնպես չէ: Իսկ բնապահպանության ոլորտում մի բան հաստատապես այնպես չէ, և Արծվիկ Մինասյանը դա քաջ գիտակցում է: Եթե նա գիտի, թե ովքեր են այդ «որոշները» և լռում է, ստացվում է՝ նախարարը վախենում է, խուսափում է անուններ նշելուց՝ կամ ինքնապաշտպանական բնազդից ելնելով, կամ էլ՝ վերջիններիս բիզնես շահերին որևէ կերպ չհակադրվելու ցանկությունից: Համաձայնե՛ք՝ շատ հարմար է սեփական նախարարության բացթողումների մեղքը բարդել անհայտ ծագման «որոշների» և նրանց աղոտ բիզնես շահերի վրա: Եթե նրանք անգամ գոյություն ունեն, Մինասյանը չունի նրանց պատժելու լիազորություն, քանի որ խոշոր կապիտալին տիրապետողները մեր երկրում, որպես կանոն, անպատժելի են, նախարարն էլ շատ լավ գիտակցում է, որ անուններ հնչեցնելու, «որոշներին» միս ու արյուն տալու դեպքում «պետպատվերի» շրջանակում կարող է արդեն ոչ թե ճանապարհները փակեն, այլ իրեն:

 

Ստելլա Խաչատրյան