Սամվել Կարապետյանը երեկ ավարտեց իր Հայաստանյան շրջագայությունները և վերդարձավ Մոսկա։  Իրադարձությունները ցույց տվեցին, որ նրա այցի պատճառն ամենեևին էլ հայրենիքի նկատմամբ կարոտը չէր, այլ նա եկել է կոնկրետ բիզնես նպատակներով։

Գտնվելով մամուլի ուշադրության կենտրոնում, Սամվել Կարապետյանի նպատակները գրեթե պարզ դարձան հանրության համար։ Նախ  «U com»-ը գնելուն ուղղված նրա մտադրությունները, այնուհետև նրա՝ մեդիադաշտ մուտք գործելու հետ կապված կանխատեսումը, կառավարության կողմից ատոմակայանի կառավարումը  5 տարի ժամկետով հանձնելը «Տաշիր գրուպ»-ին և էներգետիկ ոլորտում Կարապետյան եղբայրների ծրագրերը, մասնավորապես, արեգակնային էներգետիկայի ոլորտում։  Այս ամենը վկայում է, որ մեծացնելով բիզնեսի ոլորտները Հայաստանում,  Սամվել Կարապետյանը մեծացնում է նաև ազդեցությունը, ինչը չի կարող չդիտարկվել, որպես քաղաքական քայլ։ Բոլորի հետ մեկտեղ՝ Սամվել Կարապետյանը առիթը  բաց չի թողնում շեշտելու համար, որ իրենց նպատակները տնտեսական են ու իրենք պաշտպանության, անվտանգության և ուժային հարցերում չեն թաթախվի, եթե անգամ իշխանությունները խնդրեն։ 

Այն, որ Սամվել Կարապետյանը ցանկանում է Հայաստանի տնտեսության ահռելի մասն իրենով անել, ակնհայտ է, և պարզ է, որ անվտանգության խնդիրների լուծումը կախված է այդ տնտեսությունից: Ստացվում է, որ Սամվել Կարապետյանի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ նրա բիզնես ծրագրերը, ինչպես տեսնում ենք, այլ բանի մասին են խոսում։ Եվ Սամվել Կարապետյանի մուտքը տնտեսություն՝ խրախուսվում է անձամբ նախագահի կողմից, ինչի մասին է վկայում նրանց համատեղ այցը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերություն, որտեղ Սամվել Կարապետյանը մոտ 3 մլն եվրոյի ներդրում է արել։ Ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր ցանկանում են Սամվել Կարապետյանին և Սերժ Սարգսյանին տեսնել հակառակ բևեռներում, խոր հիասթափություն կապրեն, քանի որ նրանց քայլերը ցույց են տալիս, որ նրանք ոչ միայն թշնամիներ չեն, այլ հակառակը՝ գործընկերներ են, ովքեր շարունակում են խորացնել համագործակցությունը։ Այս համագործակցությունը փոխշահավետ է, թե ոչ՝ այնուամենայնիվ, Սամվել Կարապետյանը, կամա թե ակամա, դառնում է ներքաղաքական դաշտի ամենալուրջ դերակատարներից մեկը։

Վաչիկ Գրիգորյան