Հայաստանում տեղի կունենան առաջին Diaspora Dialogues քննարկումները, որը տարբեր ազգերի սփյուռքի առաջնորդների հավաք է: Քննարկումները, որոնք կազմակերպվել են Common Purpose առաջնորդության զարգացման կազմակերպության կողմից՝ UWC Dilijan քոլեջի հետ համագործակցությամբ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ, կանցկացվեն հոկտեմբերի 8-10-ը Դիլիջանում եւ Երեւանում: Այս մասին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից:
«Ողջ աշխարհով մարդիկ բարդ խնդիրների ականատես են լինում. այդ խնդիրները սահմաններ չունեն: Դրա համար էլ մենք ունենք առաջնորդների կարիք, որոնք կարող են գործել սահմաններից դուրս: Diaspora Dialogues-ը եզակի հնարավորություն է համախմբելու բացառիկ առաջնորդների, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում գործել են՝ հաղթահարելով սահմանները: Սա չափազանց ոգեւորող է», - ասաց Common Purpose կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջուլյա Միդլթոնը:
Diaspora Dialogues-ի մասնակիցները ծագումով տարբեր երկրներից են եւ ունեն բազմազան փորձառություններ: Նրանք կրթության, գործարարության, բարեգործության, նորարարության բնագավառների, քաղաքացիական հասարակության եւ հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչներ են:
«Պատահական չէ, որ առաջին Diaspora Dialogues-ն անցկացվում է UWC Dilijan քոլեջում, որովհետեւ այն ապագա առաջնորդների կենտրոն է, որոնք տարբեր համայնքների համար դառնում են կամուրջներ եւ պայքարում են աշխարհում բաժանարար գծերի դեմ: Մենք ողջունում ենք սփյուռքի առաջնորդներին UWC Dilijan-ում՝ վստահ լինելով, որ ներկայացնելով մեր փորձն ու գիտելիքները, մենք կկարողանանք ստեղծել եւ զարգացնել նոր գաղափարներ, որոնք հնարավոր կլինի գործնականում կիրառել», - ասաց UWC Dilijan քոլեջի համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:
Երեք օրվա ընթացքում Diaspora Dialogues-ի մասնակիցները, այդ թվում՝ UWC Dilijan-ի ուսանողները, միմյանց կներկայացնեն գաղափարներ, ռազմավարություններ եւ ոգեշնչող պատմություններ: Քննարկումներին «բանախոսներ» չեն լինելու, որովհետեւ հենց մասնակիցներն են ապահովելու բովանդակությունը:
Ակնկալվում է քննարկումների արդյունքում առաջացած գաղափարներն ու մտքերը ներկայացնել ավելի մեծ լսարանի՝ բլոգի, էսսեների կամ գրքի տեսքով, զարգացնելու սփյուռքի առաջնորդների հաջորդ սերնդին, ինչպես նաև հիմնել համերաշխության ցանց՝ սփյուռքի տարբեր համայնքների միջեւ: