Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, համաձայն որի՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը պետք է վերաբերվի միայն այն պետական մարմինների գործունեությանը, որոնց աշխատակազմը 50 հոգուց ավելի է: Բացի այդ, նախագծով սահմանվում է, որ պետական կառույցներն իրենք են որոշում՝ որ հարցմանը տրամադրել տեղեկություն (այսինքն, եթե պետական մարմինը որոշի, որ տվյալ հարցումը հանրության համար հետաքրքրություն չի ներկայացնում, կարող է մերժել, իսկ թե որոնք են չափորոշիչները այդ հետաքրքրության պարզման համար` հայտնի չէ): Օրենքի այս նախագծի սևագիր տարբերակը հայտնվել է հասարակական կազմակերպությունների քննարկման սեղանին, չնայած նրան, որ այդ տարբերակը Արդարադատության նախարարության ներքին շրջանառության համար պետք է լիներ, բայց, այնուամենայնիվ, լրագրողական մի քանի կազմակերպությունների՝ տրամադրվել է:

Նախագծի սեւագիր տարբերակի քննարկումները սկսվել են այն բանից հետո, երբ Արդարադատության նախարարությունից Էմիլ Մարգարյանը նախագծի լրացումներ եւ փոփոխություններ անելուց հետո նախագիծն ուղարկել է Ինֆորմացիոն ազատությունների կենտրոն եւ խնդրել կարծիք հայտնել։ Մինչդեռ, ոչ ցանկալի կարծիքը լսելուց հետո հրավիրած ասուլիսում Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե պատկերացում անգամ չունի այդ նախագծի մասին, և «նախագիծը, որը դրվել է շրջանառության, անհայտ ծագման է»: եթե նախարարության աշխատակիցը նախագիծն ուղարկում է անփութությամբ, ապա վստահորեն խնդիր կա նախարարության ներսում։ Իսկ եթե նպատակադրված ուղարկում են, պետք է ուղարկել բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են այս հարցերով։ Իսկ հրաժարվելը սեփական նախագծից՝ առնվազն ծիծաղելի է, միևնույն ժամանակ՝ ամբողջությամբ տեղավորվում է հայաստանյան քաղաքական համակագի տրամաբանության մեջ, երբ տոտալ անպատասխանատվությունը դառնում է ձեռագիր. քննադատություններին ականջալուր լինելու, մասնագիտական քննարկումներ ծավալելու փոխարեն՝ նախարարությունը հարմար մարտավարություն է որդեգրել՝ ցանկացած պահի, երբ հանրային դժգոհության ալիք կբարձրանա, զարմացած դեմքով կհայտարարեն՝ ի՞նչ նախագիծ, ոչ տեսել ենք, ոչ լսել…

 

Ստելլա Խաչատրյան