Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի համոզմամբ՝ այսօր Ժնևում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումը նախաձեռնող Մինսկի խումբը ճնշումներ է գործադրել երկու կողմերի ուղղությամբ, և ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահն այս հանդիպմանը գնում է առանց փոփոխելու իր մոտեցումներն Արցախի հարցում. «Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե Մինսկի խումբն ինչ է մտածել այս հանդիպումը նախաձեռնելու ժամանակ. ունե՞ն արդյոք նրանք կոնկրետ նպատակ, թե՞ լարվածությունը թոթափելու համար է այս հանդիպումը կազմակերպվում՝ այս պահին դեռ վաղ է նման եզրակացություն անել»,-նշում է քաղաքագետն՝ ընդգծելով, որ հանդիպումից մեկ-երկու օր անց միայն հնարավոր կլինի խոսել ձեռք բերածի կամ կորցրածի մասին:
Երվանդ Բոզոյանն անդրադարձավ նաև այս օրերին հայկական վերլուծական դաշտում հնչող այն տեսակետներին, ըստ որոնց, հայկական կողմը չպետք է համաձայներ բանակցելուն՝ շարունակելով պահանջել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը.
«Գիտեք՝ շատ հեշտ է կողքից քննադատել, բայց պետք է հիշենք, որ երբ կա Մինսկի խմբի համանախագահների ճնշումը, բոլորովին հակառակ էֆեկտ կարող է ունենալ բանակցությունների չգնալը, որովհետև այդ ժամանակ չհամաձայնող կողմն ընկալվում է որպես ոչ կառուցողական կողմ: ֆունդամենտալ մերժումը լուրջ վտանգ է ներկայացնում, ինչից էլ փորձում են խոսափել համանախագահող կողմերը»:
Երվանդ Բոզոյանի գնահատմամբ՝ բանակցային այս ողջ գործընթացի ընթացքում Արցախի հարցով որպես միջնորդ հանդես եկող պետություններին այդպես էլ չհաջողվեց Ադրբեջանի նախագահին վերադարձնել կառուցողական դաշտ, իսկ Ալիևն էլ ունի սեփական փաստարկները բանակցելու ցանկություն չունենալու համար.«Հայկական կողմի համար հասկանալի է մի բան՝ Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ալիևին վստահել չի կարելի, ուստի՝ չենք կարող այս բանակցությունը դիտարկել որպես առաջընթաց Արցախի հակամարտության հարցում, սակայն, նորից եմ ասում՝ դեմ գնալ միջնորդների ճնշմանը, չէր կարելի, քանի որ դա կհանգեցներ նոր լարվածության»:
Աղավնի Սուքիասյան