Թուրքիայի զինված ուժերը զինտեխնիկայի հերթական խմբաքանակն են հասցրել թուրք-սիրիական սահման:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքական զինտեխնիկայի այս նոր խմբաքանակը տեղակայվել է Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Ռեյհանլը գավառում, ինչը անմիջականորեն սահմանակից է Սիրիայի Իդլիբ նահանգին:
Հոկտեմբերի 18-ին Ռեյհանլը գավառում տեղակայված թուրքական ստորաբաժանումներ է այցելել և ստուգումներ անցկացրել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Հուլուսի Աքարը:
Թուրքիայի ԶՈՒ-ն 2017-ի հոկտեմբերի 8-ին հետախուզական գործողություններ էր սկսել սիրիական Իդլիբ նահանգում, իսկ հոկտեմբերի 12-ին ներխուժել էր նահանգ և տեղակայվել Իդլիբ-Աֆրին սահմանային հատվածում:
Սեպտեմբերին Աստանայում սիրիական ճգնաժամի շուրջ բանակցություններում Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, պայմանավորվածություն են ձեռքբերել սիրիական Իդլիբում նույնպես «անվտանգության գոտի» ստեղծելու վերաբերյալ: Սիրիական կողմը պահանջում է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքերն Իդլիբից:
Թուրքական զորքեր ներկայում տեղակայված են նաև սիրիական Ջերաբլուս-Ազեզ հատվածում: