ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը ցավակցություն է հայտնել բարերար Լևոն Հարապետյանի մահվան կապակցությամբ.
«Հարգելի՛ Հայրապետյաններ.
Երկրապահական եռասերունդ ընտանիքը խոր կսկիծով տեղեկացավ հայազգի մեծ բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան մասին։ Այս անդառնալի կորուստը Հայրապետյանի հարազատների, բարեկամների, ընկերների, մտերիմների հետ միասին սգում ենք երկրապահներս։ Ձեզ եմ փոխանցում Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների անկեղծ ցավակցությունները։
Հայրապետյանի կորուստը ծանր է ողջ հայության, հատկապես՝ արցախահայության համար։ Լեւոն Հայրապետյանը բազում հայրենասիրական ծրագրեր է իրականացրել Արցախում՝ ինչպես իր հայրենի գյուղում, այնպես էլ՝ Արցախի բոլոր տարածքներում։ Նա մշտապես ներդրումներ, նվիրատվություններ է արել ազգային ծրագրերի իրականացման, Արցախի զարգացման համար։ Առանց չափազանցության կարող ենք ընդգծել, որ Լեւոն Հայրապետյանն ազգային գործիչ էր, նրա գործն անմահ է, եւ ինքը հավերժ կապրի սերունդների հիշողություններում, իր արժանի տեղը կունենա մեծագույն արցախահայերի պանթեոնում։
Հավերժ փա՛ռք քեզ, բարերար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյան։ Թող քո հոգուն լույս իջնի եւ ննջիր խաղաղությամբ»։