ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը, որի կազմում էին խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, պատգամավորներ Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն և Կառլոս Էռնանդես Միրոն:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շեշտեց, որ նմանօրինակ այցելությունները նոր որակ ու բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ մեքսիկացի պատգամավորները նախարար Նալբանդյանին ներկայացրին Արցախ կատարած այցից ստացած տպավորությունները։

Նախարար Նալբանդյանը ողջունեց Մեքսիկայի պատգամավորների այցն Արցախ՝ կարևորելով տեղում իրավիճակին ծանոթանալու և օբյեկտիվ պատկերացում կազմելու հնարավորությունը:

Զրուցակիցները համոզմունք հայտնեցին, որ պատգամավորների այցը խթան կհաղորդի հայ-մեքսիկական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչն էլ կնպաստի միջպետական հարաբերությունների ամրապնդմանը: Այս համատեքստում կարևորվեց երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը:

Անդրադառնալով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է Մեքսիկայի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ և արդյունավետ փոխգործակցությամբ' թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Այս առումով զրուցակիցներն ընդգծեցին, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ տնտեսական ոլորտում կապերն ակտիվացնելու և համագործակցության նոր ոլորտներ բացահայտելու համար:

Էդվարդ Նալբանդյանը մեքսիկացի խորհրդարանականներին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: