«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի ղեկավարած բնապահպանության նախարարությունը մտադիր է առաջիկայում արգելել Հայաստանի 22 գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Պատճառը ՀԷԿ-երի կողմից գետերին հասցված էկոլոգիական վնասներն են: Բայց ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, ՀԷԿ-եր արգելվում է կառուցել նաեւ այն գետերի վրա, որտեղ արդեն իսկ գործող ՀԷԿ-եր ունեն ՀՅԴ բարձրաստիճան դեմքերը՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Այդ գետերի վրա ՀԷԿ ունի անգամ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ընտանիքը, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Ջերմուկ»-ի Արսենյանը: Ու արդյունքում հետաքրքիր վիճակ է ստեղծվել. ՀՀ ԲՆ-ն այսպես փորձում է փրկել ՀԷԿ-երի առատության հետեւանքով սպասվող բնապահպանական հնարավոր աղետը, միաժամանակ նաեւ «կանաչ լույս է վառում» գործող ՀԷԿ-երի համար, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, եւ եղած ՀԷԿ-երը չեն փակվի»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: