Ռուսաստանն օրերս Հայաստան կմատակարարի զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակում: Իսկ 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մինչև այս տարվա վերջ մենք կիրականացնենք դեռ նախորդ պայմանագիրը: Օրերս մենք սպասում ենք նոր մատակարարումներ, և մինչև տարվա վերջ մենք կփակենք նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Համաձայն նոր համաձայնագրի նախագծի, որը Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել 2017թ. հոկտեմբերի 12-ին, ՌԴ-ն հայկական կողմին կտրամադրի 100 միլիոն դոլարի պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքների մատակարարումները ֆինանսավորելու համար: Համաձայնագրի նախագծում նշվում է, որ վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Հայաստանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին: Նախորդ ռազմական վարկը Հայաստանը ստացավ «Էլեկտրիկ Երևանի» հարուցած հանրային տրամադրություններն օգտագործելով: Ըստ ամենայնի, հիմա Սերժ Սարգսյանի թիմը Մոսկվայի հետ բանակցություններում օգտագործել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի մերձեցման հանգամանքը, մանավանդ, որ ընդամենը մեկ ամիս առաջ էր, որ Հայաստանի զինուժի ներկայացուցիչները Ռումինիայում մասնակցեցին ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք նույնիսկ ֆորմալ առումով կոչված էին Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի նոր հնարավոր ագրեսիայի կանխարգելմանը: Հնարավոր է` Հայաստանը ոչ թե ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը խորացնելու նպատակ էր հետապնդում, այլ ընդամենը փորձում էր ցուցադրական քայլերով Ռուսաստանից զիջումներ կորզել հենց ռազմական նոր վարկ ստանալու հարցում: Ակնհայտ է , որ նոր պաշտպանական վարկի տրամադրումը պայմանավորված է Հայաստանի կողմից հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագրի վավերացմամբ: Հարվածային անօդաչու թռչող սարքեր Հայաստանն արդեն ինքն է արտադրում, ռադիոտեղակայման համակարգեր վերջերս է գնել, իսկ Իսկանդերները գնվել են 2016 թվականին: Ուստի, Հայաստանն այժմ հետաքրքրված է ՀՕՊ համակարգերով, որպեսզի զրոյացնի Ադրբեջանից եկող օդային սպառնալիքը: Հենց այս ուղղությամբ է Հայաստանին հարկավոր ուժեղացնել մարտունակությունը, քանի որ Ադրբեջանն Իսրայելի շնորհիվ առավելություն ունի մարտական ավիացիայում: Ի դեպ, ուշագրավ դիտարկում՝ անակնկալ կերպով ռուսական լրատվամիջոցները սկսեցին հրապարակել սպառազինության այն ցանկը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի այս պայմանագրով: Որոշ հայ վերլուծաբանների պնդմամբ, դա Ադրբեջանին նմանատիպ սպառազինություն վաճառելու նպատակով արված արտահոսք էր: Ռուսներից նոր վարկ խնդրելը փաստացի նշանակում է, որ Հայաստանը շարունակում է սպառազինության մրցավազքի մեջ մտնել Ադրբեջանի հետ և ինչ-որ իմաստով լեգիտիմացնում է Ադրբեջանին ռուսական զենքի նոր մատակարարումները: Նոր վարկի ստացումը բացասական է նաև Հայաստանի տնտեսության համար, որովհետև Հայաստանի արտաքին պարտքն արդեն գերազամցում է վեց միլիարդ դոլարը, իսկ նոր վարկն իր նշանակությամբ միտված չէ տնտեսության հնարավորությունների ավելացմանը: Ստելլա Խաչատրյան