Այսօր՝ ԱԺ-ում, բյուջե 2018-ի քննարկման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանըն իր խոսքում նշեց, որ նամակներ է գրում, բայց սփյուռքի մեր հայրենակիցներն իրեն չեն պատասխանում: Արդեն քննարկման ավարտին լրագրողներիը Հակոբյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չեն պատասխանում իր նամակներին, գուցե չե՞ն ցանկանում նախարարության հետ համագործակցել: «Մենք հազարավոր նամակներ ենք գրում: Ես չեմ գրում, մեր աշխատողներն են գրում, բայց նրանք պատրաստ չեն ամեն օր դրանց պատասխանել: Մեկը բիզնեսով է զբաղվում, մյուսն արձակուրդում է, էն մեկը՝ քաղաքում չէ: Այնպես չէ, որ հենց ստացավ, պետք է պատասխանի, նա իմ աշխատողը չէ»,- ասաց Հակոբյանը:
 
Իրականում՝ Հրանուշ Հակոբյանն էլ է գիտակցում, որ խնդիրն աշխատանքային ծանրաբեռնվածության կամ քաղաքից դուրս գտնվելու մեջ չէ: Իր ղեկավարած գերատեսչության արդյունավետ աշխատանքի արդյունքում՝ այսօր ավելի, քան երբևէ՝ մեծ է անջրպետը, անհասկացվածության և անվստահության անջրպետը Հայաստանի և Սփյուռքի միջև: Սփյուռքն իր վերաբերմունքը չթաքցրեց Երևանում կայացած վերջին համաժողովի ընթացքում, վրդովված էին հատկապես արտերկրի մեր գործարար հայրենակիցները, ովքեր դժգոհում էին Հայաստանում ստեղծված տնտեսական համակարգից և խաղի կանոնններից, որոնք տարբեր խաղաղացողների համար շարունակում են տարբեր լինել: Իսկ ինչո՞ւ պետք է սփյուռքահայը վտանգի իր բիզնեսը և ներդրում անի նման պայմաններում: Արդյո՞ք այս մասին մտածել է տիկին նախարարը՝ սփյուռքի մեր հայրենակիցների զբաղվածությանը հղում անելով: Երբեք Սփյուռքն այսքան զբաղված չէր եղել, այսքան անտարբեր չէր եղել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների հանդեպ:Կարո՞ղ է արդյոք նախարարը պատասխանել հարցին, թե ինչ խնդիր է լուծել Հայաստան-Սփյուռք վերջին համաժողովը՝ բացի ՀՀԿ իշխանությունը երկարացնելու համար լեգիտիմ համազգային հենք ստեղծելուց: Ոչ մի խնդիր: Սփյռւոքի կարծիքը որևէ մեկը հաշվի չառավ: Այո՛, կազմակերպվում են բազմաթիվ բարեգործական ակցիաներ, հեռուստա եւ հեռախոսամարաթոններ, սակայն դրանց արդյունքը զգացվում է մի քանի իշխանավորների կապիտալների ավելացմամբ։ Ու որքան էլ մեր իշխանությունները ամեն առիթի աչքերը կլորացրած՝ լացակումած ձայնով խոսում են հայրենիքի բարօրության անհրաժեշտության մասին, միեւնույն է, դրանից սփյուռքից եկող նվիրատվությունները չեն ավելանում։ Ւրավիճակը հնարավոր է փոխել միայն այն դեպքում, եթե երկրի իշխանությունները գործի դնեն այնպիսի միջոցներ, որոնք նրանցից, դրական իմաստով, չեն սպասում: Այդ քայլերի մի մասն ունի ընդհանուր բնույթ, իսկ մյուս մասը հատուկ է սփյուռքին․ օրինակ՝ ցույց տան իրական հաջողություններ՝ կոռուպցիայի դեմ պայքարում, ընդ որում՝ կոնկրետ օրինակներով, ցույց տան հաջողություններ դատական համակարգի մոդեռնիզացիայի գործընթացում, հավատարիմ մնան օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքին և իրագործեն «ընտրյալներին» հարկային դաշտ վերադարձնելու քաղաքականությունը: Գուցե այդ դեպքում սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց սուղ ժամանակից մի փոքր էլ հատկացնեն հայրենիքի խնդիրների լուծմանը և ի վերջո պատասխանե՞ն նախարար Հակոբյանի նամակներին…
 
 
Ստելլա Խաչատրյան