Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը վստահեցնում է, որ շտապ օգնության ծառայությունը վճարովի դարձնելու նախագիծ չկա, իսկ առաջիկա մեկ տարում այդ հարցին չեն անդրադառնա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ շտապ օգնության ծառայությունը վճարովի դարձնելու մասին ընդամենը իր տեսակետն է հայտնել:

 


«Սա ուղղակի զրույց էր, կարծիքների փոխանակում: Ես պատմում էի իմ փորձը, երբ որ երկրորդ կուրսից մինչև ինստիտուտն ավարտելն աշխատում էի շտապ օգնությունում: Սա նախագիծ չէ, հիմնված չէ ինչ-որ լուրջ ուսումնասիրությունների վրա: Դրա հետ մեկտեղ այս հայտարարությունը չի նշանակում, որ հարցն արդիական չէ»,- ընդգծեց նախարարը:

 


Ըստ նախարարի՝ հարցն արդիական է. կան անարդյունավետ կանչեր, կան կանչեր, որոնք բնակչության ոչ իրազեկվածության կամ մի քիչ էլ չարաշահման հետևանք են:
Ալթունյանն ասաց, որ առաջիկա կես կամ մեկ տարում նման փոփոխություն չի նախատեսվում: