Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վնասակար ազդեցությունը մարդու կյանքի և առողջության վրա, թե՞ դրա առավելությունները գյուղատնտեսության զարգացման շուրջ: Այս տեսանկյունից գիտության մեջ դեռ վեճն ընթանում է, սակայն ես, որպես քաղաքացի՝ չէի ցանկանա ԳՄՕ պարունակող ապրանք օգտագործել:
Նոյեմբերի 9-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է Սննդամթերքի անվտագության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը:
«Մեր ծառայությունը գործողություններ է իրականացնում իր լիազորությունների շրջանակներում եւ ուսումնասիրում է շրջանառության գործընթացը: Ներկայում, «Մոնսանտո» ընկերության կողմից ներկրված սերմերի ծավալը չի գերազանցում 1 տոկոսը ընդհանուր ներկրման մեջ: Չեմ կարծում, որ դա մեծ ռիսկ է պարունակում»,-ասաց նա:
Օրեր առաջ աշխարհահռչակ հայազգի ռոքեր, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը ահազանգում էր՝ կոչ անելով Հայաստանի բնակիչներին՝ հեռու մնալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրական ոլորտի «հսկա» հանդիսացող Monsanto ընկերության արտադրանքից, քանի որ այն վնասակար է առողջության համար և ահավոր համ ունի:
Իշխան Կարապետյանը տեղեկացրեց, որ 2018-ին ՍԱՊԾ-ն լայնածավալ մոնիտորինգային ծրագրեր է իրականացնելու բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների եւ ԳՄՕ-ների հետ կապված, իսկ հարցին, թե արդյո՞ք կարելի է թույլ տալ, որ ԳՄՕ պարունակող սննդամթերքը մտնի Հայաստան, ՍԱՊԾ պետը չկարողացավ պատասխանել՝ պատճառաբանելով, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում: