Երբ ոմանց մտքում հղանում էր տարկետման իրավունքը տոտալ կերպով վերացնելու մասին գաղափարը, քչերը կարող էին պատկերացնել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունումը կարող էր բողոքի նման մեծ ալիք առաջ բերել. արդեն քանիերորդ օրն է` Հայաստանի ուսանողական հանրությունը չի դադարում իր արդարացի բողոքի ձայնը հնչեցնել խտրականության հստակ էլեմենտներ պարունակող օրենքի դեմ:
Բողոքավորների պահանջն, ըստ էության մեկն է` արդարություն ու հավասարություն` բոլորի համար: Այս իմաստով նկատենք,որ չնայած օրենքի կողմնակիցները որպես իրենց տեսակետի հիմնավորում հաճախ բերում են հենց արդարությանն ու հավասարությանը հետամուտ լինելու ձգտումը, սակայն միանշանակ է, որ մեր երկրում սոցիալական հավասարության խնդիրն (բառիս ամենալայն իմաստով) այնպիսի երանգներ է ձեռք բերել, որ ցանկացած նման պատճառաբանություն, մեղմ ասած, խիստ անհամոզիչ է թվում՝ նույնիսկ ամենամիամիտներին: Իսկ կասկածելու առիթ, ինչպես հասկանալի է, օբյեկտիվորեն առկա է, քանի որ այդպես էլ անհասկանալի է մնում այն, թե ինչու սույն նախաձեռնության հեղինակները չեն փորձում սեփական օրինակով ցույց տալ հասարակությանը, որ խնդիրը ոչ այնքան բանակում թվաքանակի հարց լուծելն է, որքան արդարության վերականգնումը: Վերջիվերջո, ինչպես «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն էր Past.am-ին տված իր հարցազրույցումդիպուկ կերպով նկատել` խոսելով այս հույժ կարևոր հարցի մասին, մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ոչ թե ընդդեմ զինծառայության` որպես այդպիսին, այլ այն ընտրողական վերաբերմունքի, որն, ըստ էության, ցուցաբերվում է հասարակության տարբեր շերտերի` ընտրյալների ու սովորական մահկանացուների հանդեպ:
Եվ իրոք, հարց է առաջ գալիս` ո՞վ է ասել, որ, պատկերավոր ասած, տարկետման իրավունքից օգտվելու անբեկանելի իրավունք պետք է ունենան միայն այն չինովնիկներն ու նրանց մտերիմները, ովքեր իրենց տաքուկ գրասենյակներում թիկն տված կյանքն են վայելում: Ինչո՞ւ նրանք ու նրանց զավակները ժամ առաջ չեն շտապում սեփական օրինակով ապացուցել հարցի վերաբեյալ ունեցած ենթադրյալ անկողմնակալությունը. թո՛ղ բարեխղճություն ցուցաբերեն ու օրենքի նախագիծ ներկայացնեն օրենսդիրին, որով այսուհետ բոլոր չծառայած չինովնիկներին (Հայաստանում այդպիսիների թիվը չափից դուրս մեծ է) ևս կպարտադրվի մոռանալ «տարկետում» ասվածը ճիշտ այնպես, ինչպես ուսանողներին են պարտադրում անել: Վարդանյանի խոսքերով` միգուցե առաջին գծում հայտնվելուց հետո միայն նրանք իրենց վերաբերմունքը փոխեն պետության նկատմամբ ու վերաարժևորեն «հայրենիք» ասվածը…
Մի բան հստակ է` ուսանողների պայքարն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ հանուն գաղափարի, հանուն կարևոր իդեալների, հանուն վաղվա սերնդի ապագայի համար մղվող արդարացի պայքար է: Երբեք պետք չէ մոռանալ, որ այն, ինչ չհաջողվեց նախորդ ու ներկա սերունդներին, անպայման հաջողվելու է եկողին, ու պայքարը հենց հանուն դրա է, հանուն նոր սերնդի` Հայաստանի ապագան սեփական ձեռքերով կերտելու իրավունքի ձեռքբերման:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ