Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ոչնչացման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի ունեցած հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ:
Նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նրանք նաև կոչ են արել սիրիական հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ժնևյան գործընթացում:
Համատեղ հայտարարության տեքստում նշվում է նաև, որ նախագահները բացառում են սիրիական հակամարտության ռազմական կարգավորումը՝ ընդգծելով վերջնական քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը: