«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մի խումբ գիտաշխատողներ եւ դասախոսներ մտահոգված լինելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության եւ գիտության ոլորտին սպառնացող ծանր հետեւանքներով, գրել են բաց նամակ  ՀՀ Նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը։ Նամակը ստորագրել են ավելին քան 120 գիտաշխատողներ եւ դասախոսներ, ընդ որում այդ թիվը, նրանց փոխանցմամբ,  աճում է։

Նամակը հասանելի դարձնելու համար հասարակությանը, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներին, դասախոսների ու գիտաշխատողների խումբը խնդրել է այն հրապարակել նաեւ «Հայկական Ժամանակ» օրաթերթում եւ մեր կայքում: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.

Մտահոգված լինելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության եւ գիտության ոլորտին սպառնացող ծանր հետեւանքներով եւ կիսելով  «Հանուն Գիտության Զարգացման» նախաձեռնության մտահոգությունները՝ ստորեւ նշված գիտաշխատողներս եւ դասախոսներս առաջարկում ենք.

  1. Օրենքի նախագծում ամրագրել դրույթ, որի համաձայն Կրթության եւ գիտության նախարարությունը պետք է կազմակերպի ամենամյա հիմնավոր հետազոտություն՝ յուրաքանյուր ոլորտում բակալավրի, մագիստրոսի եւ ասպիրանտի կրթական աստիճաններում նպատակային տարկետման համար անհրաժեշտ տեղերի նվազագույն թվերը սահմանելու եւ դրանք Պաշտպանության նախարարությանը ներկայացնելու նպատակով:

Հատկացված տարկետման տեղերի համար Կառավարությունը պետք է սահմանի չափանիշներ, որոնց բավարարելն անհրաժեշտ պայման պետք է լինի տարկետման իրավունք ստանալու համար (օրինակ՝ մագիստրատուրա ընդունվելիս տարկետման իրավունք չի կարող ստանալ այն դիմորդը, ում բակալավրիատի ՄՈԳ-ը ցածր է 18-ից)։

Նմանապես, անհրաժեշտ է սահմանել հստակ չափորոշիչներ, որոնք կկարգավորեն թեկնածուի գիտական աստիճան ունեցողներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը՝ կապված նրանց գիտա-մանկավարժական մասնագիտական գործունեության հետ (օրինակ՝ պաշտպանությունից հետո կամ սահմանված ժամանակահատվածի ընթացքում պետք է տպագրել որոշակի քանակով գիտական հոդվածներ կամ սահմանված ժամանակահատվածում իրականացնել մանկավարժական գործունեություն)։

  1. Ձեւավորել այնպիսի համակարգ, որտեղ ՊՆ-ն եւ գիտական հաստատությունները շահագրգռված կլինեն համաձայնության գալ համատեղ հետազոտական նախագծերի շուրջ եւ այդ նախագծերում կներգրավեն բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի՝ տարկետում չունեցող շրջանավարտներին: Այն դեպքում, երբ ՊՆ-ն չի կարողանա ապահովել այս կատեգորիայի՝ ուսման հաջորդ փուլ ընդունված ուսանողների գիտելիքների նպատակային կիրառումը ծառայության ընթացքում, ՊՆ-ն կպարտավորվի առաջարկել այնպիսի ծառայություն, որի ընթացքում ուսանողները կկարողանան շարունակել մագիստրոսական եւ ասպիրանտական կրթությունը բուհերում եւ գիտական հաստատություններում: Սա կշահագրգռի ՊՆ-ին հնարավորին կարճ ժամկետներում պայմաններ ստեղծել ուսանողների գիտելիքները նպատակային կիրառելու համար:

Հիմնվելով մեր մասնագիտական փորձառությանը, վստահեցնում ենք ձեզ, որ առանց վերոնշյալ փոփոխությունների, կրթության եւ գիտության ոլորտը կկրի անդառնալի կորուստներ։

Վերջում գիտաշխատողներն ու դասախոսները ներկայացրել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովին եւ Կառավարությանը ուղղված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններով բաց նամակի թվով 120 ստորագրությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում