Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Մոսկվա: Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ պաշտոնյաներ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվայում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: 

Նախատեսված է, որ նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին: 

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ կդիտի «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում բացված՝ թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, կայցելի նաև եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդես:

Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կներկայացվեն Հայաստանի մշակույթն ու ավանդույթները: Մշակութային միջոցառումներից բացի կանցկացվեն կրթական, լուսավորչական միջոցառումներ` ընդգրկելով Ռուսաստանի տարբեր քաղաքներ: Նախատեսված է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատային մրցաշար՝ դպրոցականների շրջանում: