ԵԱՏՄ-ում 2018 թվականից՝ այլևս չեն գործի Հայաստան ներմուծվող մի շարք ապրանքատեսակների համար սահմանված մաքսային արտոնությունները: Թե քանի ապրանք կմաքսազերծվի ԵԱՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերով և կթանկանա՞ն արդյոք ԵԱՏՄ երկրներից ներկրվող առաջին սպառման ապրանքները, թե ոչ՝ ԼՈւՐԵՐ.com-ը պարզեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:
Այսպիսով՝ որոշ ապրանքների մասով հայկական կողմին առաջարկվել է 2015-2025թթ.-ին կիրառել ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր․ 752 ապրանքատեսակների համար` ցածր, իսկ 18-ի համար` բարձր դրույքաչափեր, որոնք ներկայում ներառված են մեր օրենսդրությունում։ Վերջին խմբի մեջ են մտնում գյուղատնտեսական մթերքները: Ի դեպ, ինչպես փաստում են մեր ուսումնասիրությունները, այս ոլորտում արդեն իսկ նկատելի է զգալի թանկացում, և, փաստորեն, 2018-ին մեր հայրենակիցները պետք է պատրաստ լինեն առավել մեծ գնաճի։
Սակայն, ինչպես նշում են նախարարությունից, որպեսզի ՀՀ տնտեսության վրա բացասական ազդեցությունը մեղմվի՝ 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված է նախատեսված մսի, դեղամիջոցի, փայտանյութի, տրանսպորտային միջոցների և մի շարք այլ առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների համար։
Նշենք, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամակցությունից հետո 2016 թվականին ընդամենը 8 ապրանքատեսակի մասով էր միացել ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերին, որից 7-ի մասով պահպանվել է ՀՀ համար նախկինում գործող արժեքը և միայն մեկուսացված հաղորդալարերի մասով՝ 2%-ով բարձրացում։ Իսկ ահա 2017 թվականին ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերին միացել է ևս 8 ապրանքատեսակի մասով, որից 4-ի դեպքում պահպանվել են նախկին դրույքաչափերը, 3-ի մասով արձանագրվել է՝ 3% բարձրացում, սակայն 1 ապրանքատեսակի մասով արձանագրվել է նախկինից 3.5% ցածր դրույքաչափ:
Անդրադառնալով 2018 թ-ին ապրանքների թանկացմանը, նախարարությունից պատասխանեցին, որ նոր տարում ՀՀ-ը պետք է միանա ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերին 14 ապրանքատեսակի մասով, որից 7-ի մասով պահպանվելու են ՀՀ համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափերը, իսկ մյուս 7-ի՝ պահածոյացված ձկան, սննդի մեջ օգտագործվող պիտանի խարնուրդների, «մարդկային արյունի» և այլնի դեպքում արձանագրվելու է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում՝ 2-3%-ի չափով։
Սոնա Հարությունյան