Արարատի մարզում ուսուցիչներին հատկացվող հավելավճարները շուտով կարող են նվազել, քանի որ առջևում ձմեռ է, իսկ դպրոցները պետք է խիստ արդյունավետ օգտագործեն պետբյուջեից հատկացվող գումարները:
Արարատի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց այս լուրը՝ նշելով, սակայն, որ Արարատի մարզպետարանը որևէ կապ չունի այս հարցի հետ, քանի որ հատկացված գումարները տնօրինում են հենց դպրոցները. «Մարզում մենք ունենք դպրոցներ, որոնք դեռևս նախորդ տարվանից գազի գումարի պարտք ունեն, քանի որ անցյալ ձմռանն ավելի ցուրտ էր, բայց պետությունը դպրոցներին ավել գումար չի հատկացրել այդ պարտքերը մարելու համար: Հետևաբար, այդ դպրոցները պետք է իրենց բյուջեն այնպես բաշխեն, որ կարողանան և՛ պարտքը մարել, և՛ աշխատակիցների աշխատավարձերը վճարել: Այնպես որ՝ դպրոցն է որոշում՝ ինչպես տնօրինել հատկացված գումարը»:
Մեր զրուցակցի խոսքով՝ քանի որ դասղեկներին հատկացված գումարը դիտարկվում է որպես հավելավճար, և օրենքով հստակ թիվ ամրագրված չէ, ուստի՝ հատկացվող հավելավճարը կարող է լինել մինչև աշխատավարձի 20 տոկոսը. «Մի դեպքում՝ կարող է դպրոցն իր կարիքներից ելնելով՝ սահմանել աշխատավարձի 15 տոկոսի, մյուս դեպքում՝ 10 տոկոսի չափով հավելավճար»,-նշեց Աղաբեկյանը՝ հատուկ նշելով, որ դասղեկներին վճարվող հավելավճարների չափի նվազումը պետք է դիտարկել միայն խնայողությունների համատեքստում. «Բա պետք է խնայեն, որ կարողանան ջեռուցման հարցերը լուծել»,-խոսքը եզրափակեց պաշտոնյան: