«Դուք կարող եք մեզ վրա հույս դնել»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով օրերս ՀՀ-ԵՄ միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի մասին:

«Այս համաձայնագիրը պարունակում է էներգետիկային, տրանսպորտին և այլ ոլորտներին վերաբերող կարևոր տարրեր, որոնք, իմ կարծիքով, արդյունքներ կտան և վերջապես եվրամիությունը կտրամադրի կոնկրետ ֆինանսական աջակցություն, որպեսզի այս համաձայնագիրն իրականություն դառնա:

Մենք 25 %-ով ավելացնելու ենք զարգացմանը վերաբերող բյուջեն, և համաձայնագրի տեխնիկական աջակցությունը կներառվի մեր գործողությունների ծրագրում, եթե լավ կիրառվի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք կարող են ՀՀ քաղաքացիներին ցույց տալ, որ այս համաձայնագիրն իրական փոփոխություն է բերում, և իրական օգուտներ է տալիս: 

Հարցին՝ 4 տարի առաջ ո՞վ հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից՝ հիշեցնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով 4 տարի առաջ չստորագրված ՀՀ-ԵՄ պայմանագրի մասին, ասել է, որ ԵՄ-ն է հրաժարվել դրա ստորագրումից, Սվիտալսկին պատասխանեց.

«Ի՞նչ նշանակություն ունի: Եկեք ապագային նայենք. չեմ կարծում, որ ժամանակն է անցյալին նայելու և կրկնելու այն զգացմունքները, որ կային 2013թ.-ին։ Հիմա մենք հստակ գիտենք, որ սա շատ կարևոր համաձայնագիր է և տարբերվում է ասոցիացման համաձայնագրից։ Սա խորը և ազատ առևտրի մասին համաձայնագիր չէ, բայց ԵՄ-ն առաջնորդվում է իր գործընկերների մղումներով: Այսօր սխալ է խոսել այն մասին, որ ԵՄ-ն ինչ-որ բան է պարտադրում: Ճիշտ կլիներ խոսել դրա մասին, եթե նոր համաձայնագիրը նման լիներ 4 տարի առաջվա համաձայնագրին:

Այդ դեպքում քննադատություն կընդունեի ԵՄ-ի հասցեին, բայց սա այլ համաձայնագիր է և բացատրվում է, որ հաշվի են առնվում ՀՀ հանձնառություններն ու պարտավորություններն այլ միությունների նկատմամբ։ Բայց անցյալում երկու կողմն էլ պատրաստակամ են եղել նոր համաձայնագիր ունենալու, որը չի խանգարի այլ պարտավորություններին»։

Սվիտալսկու խոսքով՝ այս համաձայնագիրն արտացոլում է այս պահին եղած բոլոր հնարավորությունները. «Եկեք առավելագույնը քաղենք այս համաձայնագրից: Ես չէի ուզենա անցյալ գնալ եւ վերլուծել, թե ինչ եղավ 4 տարի առաջ»,-ասաց նա: