«Ո՛չ Հայաստան-ԵՄ համաձայնագրից, ո՛չ ՀՀ-ԵԱՏՄ համագործակցությունից Հայաստանը չի կարողանում ըստ արժանվույն օգտվել: Մեր իշխանություններն ընդամենը կարդում են այն տեքստերը, որոնք իրենց տալիս է կա՛մ ԵՄ-ն, կա՛մ՝ ԵԱՏՄ-ն: Իշխանությունը չի կարողանում մանևրել: Մտածելու, մտահոգվելու, պատասխանատվություն կրելու ունակություն նույնպես իշխանությունները չունեն և դա նրանց դարձրել է անպատասխանատու քաղաքական միավոր»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ազատ Արշակյանը:
Դիտարկմանն՝ արդյոք իշխանությունների այդ կեցվածքը չի՞ բխում հակակշռող ուժի բացակայությունից, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Ընդդիմադիր դաշտը նույնպես իշխանությունների նման է, և այս իմաստով՝ Հայաստանում քաղաքական կյանքը մեռած է, չկա: Այստեղ պետք է առաջինն ինքներս մեզ մեղադրենք այսքան ժամանակավրեպ լինելու համար: Մեղավոր են նաև մեր քաղաքական դաշնակիցներն, ովքեր մեզ օգտագործում են, օգտագործում են մեր մեջ ապրող ոչ քաղաքական անհատներին»:
Ազատ Արշակյանն անդրադարձավ օրերս ռուսական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվածհաղորդումներից հերթականին՝ նշելով, որ ռուսական մամուլն ունի հասցեատեր Հայաստանում և այդ հասցեատերն ունի այն որակները, որի մասին էլ իրենք խոսեցին եթերից. «Իշխանությունում նրանք ունեն գործընկերներ, ռուսները շատ լավ գիտեն՝ ովքեր են Հայաստանում իրենց քաղաքական գործընկերները: Ռուսական իշխանությունը բացահայտում է իր հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ և ռուսները շատ պարզ հասկացնում են՝ երեկ մեզ հետ էիք, այսօր ուրիշի: Ուստի, նրանց գնահատականը շատ էլ տեղին է»,-ասաց Արշակյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակում միակ ելքը Հայաստանն այս իշխանություններից ազատելն է:
Ազատ Արշակյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունի վերջինս Հայաստանն այսօրվա իշխանություններից ազատել փորձող Զարուհի Փոստանջյանի սփյուռքյան ակցիաների վերաբերյալ:
Նա պնդեց, որ Փոստանջյանը բոլոր հնարավոր եղանակներով օգտագործում է իր շանսերը՝ ընդդիմադիր հատվածը համախմբելու համար, սակայն այստեղ կա կարևոր մի բայց. «Զարուhին իր շանսն օգտագործում է, պարզապես պետք է հիշել, որ նա Հայաստանի շանսը չէ»:
Աղավնի Սուքիասյան