Հայաստանը պետք է պրոֆեսիոնալ մակարդակի վրա դնի սեփական ազգային արժեքներն  աշխարհին ներկայացնելու գործընթացը, հակառակ պարագայում՝ հաճախակի կունենանք այնպիսի դեպքեր, երբ Ադրբեջանը սեփականաշնորհում է մեր ազգային արժեքները՝ դրանք ներկայացնելով աշխարհին. «Մենք պետք է ցանկացած կերակրատեսակ ներկայացնելուց առաջ՝ նախ՝ առաջինը նշենք, որ դա հայկական է: Սա լոբբի իրականացնելու պես մի բան է: Հայկականը նշելու բացակայության պատճառով է, որ շատ հայկական կերակրատեսակներ դառնում են վրացու սեփականություն, ինչպիսին, օրինակ, Շոթի հացն է: Քչերը գիտեն, որ դա հայկական Շոթ հացն է, որի անվանն ի տառ ավելացնելով, վրացիները դարձրել են իրենցը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանը: 

Վերջինս նշեց, որ, թեև տարբեր կազմակերպություններ դիմում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ որոշ կերակրատեսակներ հայկական ազգային արժեք համարելու համար, սակայն դա բավարար չէ: «Կերակրատեսակներն ազգային ճանաչելու համար միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելը քիչ է: Այստեղ անհրաժեշտ են հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք մենք չենք ծախսում, բայց ծախսում է Ադրբեջանը: Մեր կազմակերպությունը տանում է ահռելի աշխատանք, բայց ֆինանսավորման խնդիր ունենք, իսկ Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար միլիարդներ է ծախսում»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով՝ Ադրբեջանի վարած այս քաղաքականությունը կրկնվելու միտում ունի և չի բացառվում, որ հերթական հայկական ազգային արժեքը սեփականաշնորհելու համար է: 

2017թ. դեկտեմբերի 4-9-ը տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննարկվելու են հայկական քոչարին ու տոլման որպես ադրբեջանական գրանցելու հայտերը։ Ադրբեջանն ու Իրանն էլ հայտ են ներկայացրել քամանչան ընդգրկելու նույն ցանկում՝ ճանաչելով որպես իրենց ազգային երաժշտական գործիք: