Չկան ներդրումներ չի կարող լինել և տնտեսական աճ: Կա կապիտալի արտահոսք  չի կարող տնտեսական անկում չլինել: Սրանք դասագրքային ճշմարտություններ են, որոնց մասին երկար-բարակ փիլիսոփայելն ուղղակի ժամանակի կորուստ կլինի:

Ինչո՞ւ ենք հիշել տնտեսագիտության պարզագույն օրենքների մասին  պատմող դասագրքային այս ճշմարտությունները: Հիշել ենք մի պարզ պատճառով. փորձում ենք Կառավարության ու դրա մասնիկը հանդիսացող առանձին դեմքերի կողմից, ինչպիսին, զորօրինակ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն է, պարբերաբար հնչող լավատեսական, հուսադրող, ժողովրդի «գլխի տակ փափուկ բարձ դնող» անխուսափելի տնտեսական աճի մասին բարբառող հայտարարությունների իսկությունը պարզել հատկապես այն խայտառակ թվերի ֆոնին, որոնց մասին տեղեկանում ենք պաշտոնական փաստաթղթերից ու որոնք, ըստ էության, մեկ բանի մասին են վկայում` մեզ խաբում են:

Մասնավորապես` պարզվում է, որ միայն մասնավոր փոխանցումների միջոցով երկրից հոկտեմբերին դուրս է բերվել մոտ 116 մլն դոլար գումար, ինչն ուղղակի ռեկորդային  ցուցանիշ է. նման բան դեռևս անհիշելի ժամանակներից դժվար է մտաբերել: Ավելին` այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով ընդհանուր առմամբ այլ երկրներ է փոխանցվել մոտ 814 մլն դոլարին հասնող գումար` նախորդ տարվա մոտ 641 մլն դոլարի դիմաց, որի արդյունքում արտերկրից ստացված տրանսֆերտների դրական տարբերությունը կտրուկ նվազել է` 47.3 մլն դոլար՝ անցած տարվա 60.4 մլն դոլարի դիմաց:

Իսկ հիմա անխուսափելի հարց Սուրեն Կարյանին: Ինչո՞ւ հենց Սուրեն Կարայանին, քանի որ եթե չենք սխալվում, հենց նա է պատասխանատու Հայաստանի տնտեսական զարգացման համար: Ինչպե՞ս է նախատեսվում 2018-ին ունենալ տնտեսության 4-5%-անոց աճ այն պարագայում, երբ ընթացիկ տարվա ցուցանիշներն այսչափ ողբերգական են: Միգուցե 2018-ին մեզ հրա՞շք է սպասվում, ու հենց դրա հույսն է ոմանց ներշնչում, թե կարող է տնտեական ռեալ աճ լինել: Հանրահայտ է, չէ՞, որ կապիտալի արտահոսքի նման ծավալների պարագայում, երբ դոլարը հետզհետե մեզ համար թանգարանային նմուշի  է վերածվում, խիստ կասկածելի են հնչում այն հավաստիացումները, թե հաջորդ տարի մի քանի տոկոսով ավելի լավ ենք ապրելու, բարգավաճելու, աճելու: Ցավոք, ոչ մի նյութական հիմնավորում` տնտեսական սպասվելիք աճի հետ կապված, ոչ ոք ու նույնիսկ Սուրեն Կարայանն ինքը հասարակությանը տալ չի կարող, ինչը, ցավոք, նշանակում է, որ ժողովուրդը շարունակելու է հազիվ ծայրը ծայրին հասցնելու տխրահռչակ պրակտիկայով ապրել նաև 2018-ին ու միգուցե նաև դրանից անդին. Հայաստանի հետ ոչ ոք հույսեր այլևս չի կապում, ինչով էլ, ըստ էության, պայմանավորված է, կապիտալի ահագնացող արտահոսքը:

Բայց դա որևէ մեկին հետաքրքրո՞ւմ է…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ