«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանն ավելի քան 150 երկրների շարքում երրորդ տեղն է զբաղեցրել «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս 2017» վարկանիշում: Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) զեկույցի համաձայն՝ ամենառազմականացված երկիրն Իսրայելն է, որին հաջորդում է Սինգապուրը:
Հայաստանին վարկանիշում հաջորդում են Ռուսաստանը, Հարավային Կորեան, Քուվեյթը, Հորդանանը, Կիպրոսը, Հունաստանը եւ Բրունեյը: Ընդ որում, Հայաստանն ամենառազմականացված երկիրն է նաեւ Եվրոպայում: Մայրցամաքում երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդ տեղում՝ Կիպրոսը, չորրորդ հորիզոնականում՝ Հունաստանը:
Զեկույցները կազմվում են 1000 շնչին հասնող զինվորականների, ռազմական ծախսեր/ՀՆԱ եւ ռազմական ծախսեր/առողջապահության ծախսեր հարաբերակցության, զինվորականների քանակի ու ծանր սպառազինության քանակի ցուցանիշների հիման վրա:
Ադրբեջանը վարկանիշում նահանջել է 3 կետով՝ 2017-ին զբաղեցնելով 11-րդ տեղը 2016-ի 8-րդ տեղի փոխարեն: 2017-ին Հայաստանի ՀՆԱ-ի 5,8%-ն ուղղվել է ռազմական ծախսերին: Ադրբեջանի դեպքում այս թիվը կազմում է 5,7%:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, մեծ ռեսուրսներ են հատկացնում երկրների զինված ուժերի արդիականացման համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում