Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրության և դրա հետևանքների մասին հեռախոսազրույցներ է ունեցել Մալազիայի վարչապետի, Թունիսի և Իրանի նախագահների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանը նշել է, թե ամերիկյան կողմի նման քայլը վտանգելու է Մերձավոր Արևելքում տարածաշրջանային խաղաղությունը: Նա ընդգծել է, որ Երուսաղեմը խիստ կարևոր քաղաք է մուսուլմանների համար և որ այդ քաղաքի կարգավիճակի փոփոխությանն ուղղված ցանկացած փորձ արձագանքի կհանդիպի մուսուլմանական աշխարհի կողմից:
Էրդողանը Մալազիայի, Թունիսի և Իրանի ղեկավարներին հայտնել է նաև, որ Թուրքիան՝ որպես Իսլամական համագործակցություն կազմակերպության նախագահող դեկտեմբերի 13-ին Ստամբուլում արտահերթ գագաթնաժողով է հրավիրելու: