Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումից հետո Դոնալդ Թրամփին նամակով դիմել են Երուսաղեմի 13 պատրիարք և եկեղեցիների առաջնորդ, նրանց թվում՝ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: 

«Մենք համոզված ենք, որ նման քայլը կբերի ատելության ավելացմանը, կոնֆլիկտի, բռնության սրացմանը Երուսաղեմում և Սուրբ հողում: Մեր խորհուրդն ու աղաչանքն է, որ Միացյալ Նահանգները շարունակեն ճանաչել Երուսաղեմի ներկա միջազգային կարգավիճակը: Յուրաքանչյուր փոփոխություն կարող է բերել անվերադարձ վնասի»,- գրել են պատրիարքները:

Նրանք նաև հավելել են, որ ԱՄՆ նախագահի այս որոշման հետևանքով տարածաշրջանում ավելի մեծ է կործանարար մասնատման վտանգը: