Հայաստանի Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի նախագիծը: ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 35 պատգամավոր:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ կառավարությունը բավականին հեռանկարային ծրագիր է ներկայացրել. 2018 թվականի բյուջեն նպատակային է, միտված ապագային: «Մենք կարծում ենք, որ այս բյուջեն իրատեսական եւ կայունացման բյուջե է: Բնականաբար, մենք պետք է հետեւողական լինենք այն բոլոր դրույթների իրականացմանը, որոնք դրված են բյուջեում: Մենք ողջունում ենք այն, քանի որ այսօրվա Կառավարությունը պահի խնդիր չի լուծում»,-նշում է Վահրամ Բաղդասարյանը:

 


Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը համարում է տնտեսական զարգացման համար հիմքեր ստեղծող և որոշ չափով գոտիները ձգելու փաստաթուղթ: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշում է. «Կա վստահություն կառավարության նախաձեռնած բարեփոխումների հանդեպ, և լիահույս ենք, որ նույնիսկ այս տարվա համար նախատեսած տնտեսական ցուցանիշներն ավելին կլինեն և թույլ կտան այնպիսի հիմքեր ստեղծել, որոնք կդառնան սոցիալական լարվածությունը մեղմելու, երկիրը որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն»:

 


Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ բյուջեի ներկայացված նախագիծը լուրջ հիմքեր չի ստեղծում տնտեսական աճի և տնտեսական զարգացման համար, ուստի իրենք չեն կարող կիսել դրա քաղաքական պատասխանատվությունը ու դեմ են քվեարկելու: Բյուջեի նախագծին դեմ քվեարկեց նաև «Ելք» խմբակցությունը: