ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ հեռուստաընկերություններից մեկի եթերում անդրադառնալով Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին քննադատություններ է հնչեցրել վերջինիս հասցեին:

Ղուկասյանը նրան մեղադրել է անգործության մեջ՝ ընդգծելով, որ իր ժամանակ Գյումրին զարգացել է, իսկ այժմ անմխիթար վիճակում է. «Գյումրին իմ օրոք այնքան լավ է ապրել, երեխեքը, թաղերը համերաշխ են եղել»,- նշել է նա: 

Ղուկասյանը խոսելով իր և Բալասանյանի ներկայիս հարաբերությունների մասին ասել է, որ չի ուզում անդրադառնալ այդ ազգանունին.

«Ես իրեն ասել եմ պատրաստ եմ իր հետ համագործակցել, իր հետ թշնամի չեմ եղել, մի բան էլ օգնել եմ, որ ընտրվեր, չնայած սխալվել եմ: Հիմա Բալասանյանը ինձ չի հետաքրքրում, խնդրում եմ ավելի լուրջ թեմաներից խոսենք: Բոլորս էլ գիտենք՝ ով, ինչ է եղել, հիմա ինչ է: Չեմ ուզում ընդհանրապես անդրադառնալ այդ ազգանունին»,- ընդգծել է Ղուկասյանը: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանից հետևյալ կերպ մեկնաբանեցին Վարդան Ղուկասյանի ելույթը. «Ճիշտն ասած` հաղորդումը չեմ նայել, բայց Երևանից և Հայստանի մյուս մարզերից եկած արձագանքները ինձ` որպես գյումրեցի, ստիպեցին ամաչել, այո′, ամաչում եմ երբ մարդիկ հեգնանքով հարցնում են, թե այս անձին Երևան բուժվելու եք ուղարկել, ամաչում եմ, որ նման մարդը 13 տարի ղեկավարել է Գյումրին ու հիմա էլ ներկայացնում է արհեստների ու արվեստների մեր քաղաքը Ազգային ժողովում»,- ասացին քաղաքապետարանից՝ ընդգծելով, որ փաստորեն այս մարդը շարունակելու է խայտառակել Գյումրին: 

Սոնա Հարությունյան