«Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերությունը, որը գտնվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների ենթակայության տակ, կհանձնվի Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
Հարցն ընդգրկված է Կառավարության՝ դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում:
Ըստ նախագծի հիմնավորման՝ 22 աշխատող ունեցող «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն այս տարիների ընթացքում կուտակել է միլիոնների հասնող պարտքեր՝ մասնավորապես՝ 2014 թ.-ին՝ 38 541 000 ՀՀ դրամ, 2015 թ.-ին՝ 30 833 000 ՀՀ դրամ, 2016 թ.-ին՝ 176 479 000 ՀՀ դրամ:
Կառավարությունն էլ վիճակը փրկելու համար որոշել է այն վերցնել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայությունից և հանձնել Արման Սահակյանի ղեկավարած վարչությանը, որը պարտավոր է Կառավարություն ներկայացնել ընկերության ներդրումային գրավչությունը բարձրացնող ծրագրեր:
«Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի կուտակած պարտքերը կփակվեն 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 14 406 600 դրամով:
Հատկացված գումարը նախատեսված է ընկերության պարտավորությունների մարման համար (էլ. էներգիա՝ 1 579 700 ՀՀ դրամ, գազ՝ 3 418 600 ՀՀ դրամ, ջուր՝ 163 300 ՀՀ դրամ, ինտերնետ (Յուքոմ)՝ 411 600 ՀՀ դրամ, կաթսայատան տեխնիկական սպասարկումն իրականացնող « Ար և Ար» կազմակերպությանը՝ 111 000 ՀՀ դրամ, տնտեսական ծախսեր՝ 150 000 ՀՀ դրամ, տեխնիկական անվտանգության հսկման՝ 120 000 ՀՀ դրամ, աղբահանության ծախս` 290 000 ՀՀ դրամ, աշխատավարձ՝ 8 162 400 ՀՀ դրամ ):
Նշենք, որ խնայողությունների ապահովման համար կրճատվել է 12 հաստիք:
Հիշեցնենք, որ Ընկերությունը հիմնականում իրականացնում է բարձրաստիճան և պետական պաշտոնյա հյուրերի ուղղորդված ընդունելություն և միջոցառումների անցկացում: Տարածքը հանդիսանում է հատուկ պահպանության օբյեկտ, որի պահպանումն իրականացվում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ ձեռնարկությունների պահպանության գնդի կողմից: