Երբեմն կառավարության նիստերին հետևելիս, իսկ ավելի ճիշտ` դրանց ընթացքում հակակոռուպցիոն բովանդակություն ունեցող բոցաշունչ ելույթներ ունկնդրելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես մոլորակի երեսին կոռուպցիայի դեմ պայքար մղող ամենասկզբունքային մարմինը հայաստանի կառավարությունն է միայն, ու եթե հանկարծ պարզվի, որ այս կամ այն չինովնիկը ներքաշված է եղել այս կամ այն կոռուպցիոն սկանդալում կամ ապօրինի գործարքների մեջ է մտել այլոց հետ` ստեղծելով կոռուպցիայի ռիսկ, անմիջապես, ուղղակի ակնթարթորեն պատասխանատվության կենթարկվի ու կաքսորվի Սիբիր:

Դեկտեմբերի 14-ի կառավարության նիստում վարչապետ Կարապետյանը Հայաստանում կոռուպցիայի խնդիրներով զբաղվող թիվ մեկ պաշտոնյա Դավիթ Հարությունյանին հանձնարարել էր ձեռնամուխ լինել սուպեր նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը, որն, ըստ մտահղացման, պետք է կործանարար հարված հասցնի երկրում վխտացող կոռուպցիային ու Հայաստանը վերածի Սինգապուրի: Նշենք, որ գործող հակակոռուպցիոն ռազմավարությունը ստեղծվել էր դեռևս 2015-ին, ու այն ժամանակվա կառավարությունը նույնպես այս մեկի նման լուրջ դեմքով ի լուր համայն մարդկության հայտարարել էր, թե կարճ ժամանակ հետո երկրում կոռտուպցիայի մակարդակն էապես նվազելու է:

Նվազե՞ց, թե՞ միայն վերելք ապրեց, կոռուպցիոներները, որոնց բոլորն էլ շատ լավ ճանաչում են, այս տարիների ընթացքում գոնե գոնե մի վայրկյան մտածել են, թե գոնե տեսականորեն ինչ կործանարար ազդեցություն կարող է ունենալ այդ ռազմավարությունն իրենց համար, եթե այդուհետ համարձակվեին մեկ լումա անգամ գրմանել: Թե՞ քմծիծխաղ են տվել ու շարունակել վաղուց կարծրացած մեխանիզմների ազատ գործարդմամբ կթել ու չաղանալ: Հետևաբար` ի՞նչ երաշխիք կա, որ այս նորը նույնպես հնի ճակատագրին չի արժանանա: Միգուցե բոլորի հույսը Դավի՞թն է Հարությունյան, ով ինչպես հայտնի է նմանատիպ հարցերում իսկական «աս» է, առաջադեմ «եվրոպացի» ու հրաշալիորեն տիրապետում է այն մեխանիզմների նրբություններին, որոնք, ենթադրելի է, առաջիկայում նրան իբր օգնելու են վճռական հարված հասցնել «կոռուպցիա» կոչվածին: Ինչ-ինչ, բայց փաստ է, որ առնվազն եվրոպացիներից խորհուրդներ ստանալու հարցում նրան հավասարը չկա այս երկրում, ու ենթադրելի է նաև, որ Կարապետյանը հենց այս հույսով է, որ ձեռնամուխ է լինում նոր ռազմավարական ծրագրի ստեղծման գործում Դավիթ Հարությունյանի ներգրավմանը: Ի՞նչ կա որ, այս 2 տարվա մեջ շատ բան է փոխվել. ԵՄ-Հայաստան հայտնի հռչակագիրն է ստորագրվել, Դաիթ Հարությունյանն այլևս սևերես չէ եվրոպացիների առաջ, վերջիններս նույնիսկ հասցրել են գումարներ ծախսել մոնիթորինգային ինչ-ինչ ծրագրերի շրջանակներում, որ իրակնացրել էր Արդարադատության նախարարությունը` իրական պատկերացում կազմելու կոռուպցիայի վերաբերյալ: Կարճ ասած` Կարապետյանը հիմքեր չունի չվստահելու Դավիթ Հարությունյանին, ում մոտ «հակակոռուպցիոն» մղումներն, ինչպես հայտնի է, շատ «խորն» են նստած. նա ապացուցել է, որ կարող է:

Իսկ թե կոնկրետ ինչպես է ապացուցել, երևիթե հայտնի է միայն վարչապետին: Համենայնդեպս` շոշափելի պրակտիկան մեզ միանգաայն այլ բան է հուշում ու պարտադրում համակերպվել այն մտքի հետ, որն առնվազը հակակոռուպցիոն օպերացիաներ կազմակերպելու հարցում Դավիթ Հարությունյանն այնքան էլ անքննադատելի չէ, իսկ ավելի ճիշտ` շատ ավելի խոցելի հեղինակություն է, քան ոմանք կարող են անգամ պատկերացնել: Այնպես որ` հնչեղ անուններ ունեցող պլաններ կազմելու փոխարեն շատ ավելի լավ կլիներ ռեալ գործով զբաղվեին:

Հա ի դեպ` մի բան էլ` Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու համար ոչ մի ռազմավարական ծրագրի կարիք էլ չկա. քաղաքական կամք է անհրաժեշտ` ընդամենը…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ