Վիլնյուսի Սբ. Հովհաննես եկեղեցում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ հայկական «Նաղաշ» համույթի համերգը, որը Լիտվայում ՀՀ դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել էր լիտվական Gera Muzika Gyvai ընկերությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Համերգի բացման իր խոսքում Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ նման բարձրակարգ միջոցառումների անցկացումը հնարավոր է դառնում կազմակերպիչների հետևողականության, ինչպես նաև Հայաստանի ներկայացուցչությունների՝ մշակութային դիվանագիտության զարգացմանն ուղղված ջանքերի շնորհիվ: Նա նաև նշեց, որ Հայաստանից և հայկական սփյուռքի ներկայացուցիչներից ձևավորված «Նաղաշ» համույթի կողմից ներկայացվող երաժշտության հիմքում ուշ միջնադարի հայ բանաստեղծ և հոգևորական Մկրտիչ Նաղաշի ստեղծագործություններն են, որոնք ներկայացվում են ժողովրդական, ազգագրական, հնադարյա և արդի երաժշտական ավանդույթների միաձուլման տեսքով։
Միջոցառմանը ներկա էին Լիտվայի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, մի շարք երկրների դեսպաններ, ականավոր լրագրողներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Դեկտեմբերի 16-ին համույթը ելույթով հանդես եկավ նաև Կաունաս քաղաքում: