Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում պետք է մեծանա: Այս մասին այսօր «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում պետական քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումը ապահովելու գործում» հասարակական քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Սվիտալսկու խոսքով՝ պետք է աշխատել համագործակցության միջոցով ավելի շոշափելի հաջողությունների հասնելու համար, եւ, առաջին հերթին, առկա խնդիրների արագ լուծման համար այդ համագործակցությունը պետք է զարգանա Հայաստանի կառավարության հետ միասին: Հայաստանին ուղղվող ֆինանսական աջակցությունը կավելացվի 20-25 տոկոսով: Դրա 15 տոկոսն ուղղված է լինելու քաղաքացիական հասարակության ոլորտի ծրագրերի իրականացմանը:
 
Բնական է, որ շեշտը դնելով քաղաքացիական հասարակություն-պետություն հարաբերությունների զարգացման անհրաժեշտության վրա, ԵՄ առաջին հերթին ապահովագրում է ինքն իրեն: Եթե չլինի քաղաքացիական հասարակության պատշաճ վերահսկողությունը և անմիջական մասնակցությունը ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթների իրագործմանը ՝ մեծ է ռիսկը, որ իշխանությունները սովորույթի համաձայն աչքակապությամբ կզբաղվեն՝ բարեփոխումները թողնելով ավելի լավ օրվան: Սա իհարկե ԵՄ խաղի կանոնների մեջ չի մտնում, դա է պատճառը, որ հետագա ֆինանսավորման համար արդեն իսկ պայման է դրված: ԵՄ այնքան միամիտ չէ, որպեսզի ենթադրի , թե համաձայնագրի ստորագրման հաջորդ իսկ օրը ՀՀ իշխանությունները դարձել են ժողովրդավար, կամ սկսել են մտահոգվել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերով: Ծանոթ լինելով ՀՀ իշխանությունների բնույթին ՝ ԵՄ պահանջում է իշխանություններից հասարակությանը բովանդակային մասնակիցը դարձնել համաձայնագրով նախատեսվող փոփոխությունների կատարմանը:
 
Մեծ գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ Հայաստանում կյանքի կոչված բազմաթիվ ռեֆորմների մենք կարողացել ենք հասնել ոչ թե ոանմիջական լոբբինգի միջոցով, այլ ԵՄ-ի միջնորդավորվածությամբ: Այսինքն` քաղհասարակության ակտիվ հատվածն է հասցրել ԵՄ-ի գործընկերներին, որ տվյալ բարեփոխումները չափազանց կարեւոր են Հայաստանի համար, Եվրամիությունն էլ, թող կոպիտ չհնչի, ասել է իշխանությանը` ուզում եք ստանալ բյուջետային աջակցություն, ուրեմն իրականացրեք այս կամ այն ռեֆորմները: Այլ հարց է, եթե քաղաքական կամքը պայմանավորվում է ֆինանսների ակնկալիքով, արդյո՞ք այն կարող է արդյունավետ լինել:
 
Ստելլա Խաչատրյան