Եվրամիությունը դեմ է Ադրբեջանի «սեւ ցուցակում» ԵՄ պատգամավորների հայտնվելու ցանկացած դեպքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ավարտից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը' ընդգծելով, սակայն, որ յուրաքանչյուր այցի ժամանակ պետք է հստակեցվի պատգամավորների կարգավիճակը:
«Եվրախորհրդարանի անդամներն ազատ են իրականացնել իրենց խորհրդարանական գործունեությունը եւ օժանդակել ցանկացած սկզբունքի, որը կարեւորում են: Մենք դիմադրելու ենք մեր պատգամավորների' այդ «սեւ ցուցակում» հայտնվելու դեպքերին, սակայն սրան զուգահեռ պետք է հասկանալ հետեւյալը: Պետք է հստակեցնել, որ նրանք այնտեղ այցելում են պաշտոնապես՝ ԵՄ կամ ԵԽ անունից, այլ ոչ թե որպես մասնավոր անձ կամ անհատ պատգամավոր: Սա եւս անառողջ շփոթմունք կառաջացնի»,-ասաց Սաջադ Քարիմը:
Դեկտեմբերի 19-20-ը ՀՀ Ազգային ժողովում անցկացվեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը, որի շրջանակում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: