Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունվարի 8-ին «Չինական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Պեկին-Թբիլիսի չվերթը, հարկադրված վայրէջք էր կատարել Բաքվում: Ինքնաթիռի ուղևորները, որոնց մեջ եղել է 5 հայ, հայտնվել են Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում: 

Նշենք, որ ինքնաթիռի 5 հայերից 3-ը Հայաստանի քաղաքացիներ են եղել, 2-ը՝ ազգությամբ հայեր, բայց այլ պետությունների քաղաքացիներ:

 

Մառախուղի պատճառով ինքնաթիռի հրամանատարը որոշում է կայացրել վայրէջք կատարել Բաքվում և չի լսել հայ ուղևորների հորդորը, որ նման բան հնարավոր չէ:

Հայ ուղևորներից Իդա Մնացականյանը նշել է, որ իրենք 12 ժամ անցկացրել են վախի մթնոլորտում: Չնայած իրենց դիմադրությանը, ադրբեջանցիները բոլոր հայերին ստիպել են դուրս գալ օդանավից և նրանց տեղափոխել են հատուկ գոտի. «Ամբողջ գիշեր անցկացրել ենք օդանավակայանում, որտեղ միայն մենք էինք ու աշխատակիցները: Իսկ «Չինական ավիաուղիներ» ընկերություններից մեզ ոչ ոք չի մոտեցել և մենք պատրաստվում ենք դատի տալ այս ընկերությանը անտարբերության համար՝ հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով»,- ասել է ուղևորուհին:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ այդ ընթացքում իրենք պարբերաբար կապի մեջ են եղել ուղևորների հետ. «Վրաստանում և Վաշինգտոնում մեր դեսպանությունները և մենք Երևանից անընդհատ կապի մեջ էինք մեր քաղաքացիների հետ և փորձում էինք հոգեբանական աջակցություն ցույց տալ, ուղղորդել նրանց, իրավիճակը վերահսկել, որ մեր քաղաքացիների հետ որևէ բան չպատահի: Ինքնաթիռը, ի վերջո, բարեհաջող վայրէջք է կատարել Թբիլիսիում: Իսկ այս պահին մեր հայրենակիցները Երևանում, իրենց տներում են»,- ասաց Բալայանը:

Սոնա Հարությունյան