Ազգային ժողովում այսօր ներկայացվեց նախագիծ, որով կոչ է արվում միջազգային հանրությանը՝ գործադրել բոլոր ջանքերը՝ եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ընդունելու և դատապարտելու համար:
Նախագծի հիմնական զեկուցող, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը hայտարարեց, որ ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասապանության դատապարտման մասին ներկայացված հայտարարության այս նախագիծը ՀՀ-ին հնարավորություն է տալու պայքարել ցեղասպանությունների դեմ և դատապարտել եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցանկացած թիրախավորված գործողություն՝ միաժամանակ նման պարտավորվածության կոչով դիմելով միջազգային հանրությանը:
ԱԺ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ Իրաքն ու Սիրան, որտեղ տեղի է ունեցել եզդի ժողովրդի ցեղասպանությունը, միջազգային իրավունքի տեսակետից չճանաչված պետություններն են և, հետևաբար, հարց է առաջանում՝ այս նախագծով ինչպե՞ս է կոչ արվում միջազգային հանրությանը՝ հետապնդում իրականացնել իրենց տարածքում ցեղասպանություն իրագործողների նկատմամբ:
Ըստ Ֆարմանյանի՝ կոչ պետք է արվի ոչ թե միջազգային հանրությանն, այլ հենց Իրաքին:
Ֆարմանյանի դիտարկմանն ի պատասխան՝ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ այս նախագիծը նպատակ է հետապնդում ՀՀ խորհրդարանի կողմից եզդի ժողվրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչում և դատապարտում, իսկ ինչ վերաբերում է նույն պահանջով Իրաքին դիմելուն, ապա դա, ըստ Մախմուդյանի, կդիտարկվի որպես միջամտություն Իրաքի ներքին գործերին:
Սամվել Ֆարմանյանը շարունակեց պնդել, որ եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության ճանաչման և քրեական պատասխանատվության ենթարկեու հարցում գնդակը Իրաքի իշխանությունների դաշտում է, քանի որ նրանք կարող են քրեական պատասխանատվության ենթարկել իրենց սուվերեն տարածքում իրականացված ցեղասպանությունն իրագործողներին: