Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2017 թվականին սպառողական ապրանքների գները Հայաստանում 2016 թ.-ի համեմատ՝ միջինն աճել են 1%-ով։ Զգալի թանկացել են սնունդն ու խմիչքը, ծխախոտն ու ալկոհոլային խմիչքները։ Մասնավորապես` սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 4.1%-ով, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը՝ 3.2%-ով։
Արդյոք Հայաստանում թանկացումների հզոր ալիքը կստիպի՞ հասարակությանը՝ դուրս գալ պայքարի, թե՞ հարցը կփակվի նախագահի հանձնարարականներով ու խորհրդարանական լսումներով: Այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:
«Հասարակությունը պետք է ակտիվ լինի, հակառակ դեպքում՝ բոլորս էլ հասկանում ենք, որ թանկացումները հենց մեր պասիվության դրա հետևանքն են: Ի վերջո՝ թանկացումների հիմքը կայանում է նրանում, որ կա անառողջ տնտեսական համակարգ, ինչն, ըստ էության, այսպիսի իրավիճակ է ստեղծում: Այս համակարգի փոփոխության համար հարկավոր է հասարակության ակտիվացումը: Եթե հասարակությունը կրավորական դիրք է զբաղեցնում, եթե ընտրությունների ժամանակ 10 000 դրամով վաճառվում է, ապա տրամաբանական է, որ նման տիպի պատասխան պետք է ստանա այդ համակարգի կողմից»,- ասաց քաղաքագետը:
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանում սոցիալական բունտ՝ եթե անգամ տեղի ունենա, ապա այն, մեծ հաշվով, հաջողություն չի կարող ունենալ. «Հասարակությունն ավելի լայն խնդիրների շուրջ է կոնսոլիդանում. նկատի ունեմ՝ Արցախ, Ազգային անվտանգություն: Սակայն չէի ասի, թե այս սոցիալական բունտը չլինելը պետք է հանգստացնի իշխանությանը: Եթե խնդիրները շարունակում են չլուծվել՝ բնականաբար, պայթյուն կլինի, բայց՝ այլ «փաթեթավորմամբ»: Հասարակությունը սոցիալական խնդիրներով մեծ շարժում սկսել չի կարող, որովհետև բոլորս էլ հասկանում ենք՝ դա հետևանք է գլոբալ խնդիրների»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գուցե հասարակությունը դուրս գա փողոց, բայց մեծ հաջողություն չի ունենա:
Հարցին՝ ընդդիմադիր ԵԼՔ-ը պատրաստվում է պայքարի դուրս գալ թանկացումների դեմ, հնարավո՞ր է, որ ձախողի, Բոզոյանը պատասխանեց.
«Չէի ասի, թե ԵԼՔ-ի պայքարը կձախողվի, քանի որ հանրության բողոքը ներկայացնող միակ ուժն է: Պայքարն ավելի շուտ կաշխատի քաղաքական վարկանիշի վրա: Եթե ձախողում, ապա ո՞ւմ համար ձախողում: Ձախողում կարող ենք ասել թանկացման դեմ շարժման մասով, որը ոչ մեկի դեմ ուղղված շարժում է»։
ԵԼՔ-ը հայատարարել է, թե իրենց նախաձեռնությունը բաց է այլ քաղաքական ուժերի համար, ովքեր կցանկանան միանալ. լինեն դրանք արտախորհրդարանական, թե խորհրդարանական ուժեր: Այդ կերպ կհաջողվի՞ ինչ-որ թափ հաղորդել շարժմանը հարցին՝ Բոզոյանը պատասխանեց, որ Հայաստանում քաղաքական ուժեր չկան, որ միանան, կամ գուցե կան, բայց դրանք իրենցից արդեն որևէ բան չեն ներկայացնում և ոչ մի ազդեցություն չեն ունենա:
Քաղաքագետի կարծիքով՝ գնաճի զսպման լավագույն միջոցը ներդրումներն են, որոնք կստեղծեն նոր պրոդուկտ, որը կվաճառվի հայկական շուկայում և կարտահանվի Հայսատանից դուրս. «Միայն այս ճանապարհով կարելի է պայքարել գնաճի դեմ: Եթե այդ պրոցեսները չկան, թանկացումների ցանկացած պայքար կկրի արհեստական բնույթ և լուրջ հաջողության չի հասնի: Գների թանկացումը հետևանք է այս ամենի:
Քանի որ Հայաստանում ներդրումներ չեն լինում, պետությունը ստիպված է վարկեր վերցնել, ինչը խանգարում է բիզնեսին: Սա տրամաբանական համակարգ է, որը փակ ցիկլ է դառնում Հայաստանի համար, ինչն ի վերջո ավարտվելու է վատ հետևանքներով»,- եզրափակեց Բոզոյանը: