Ազգային ժողովի հունվարի 16-ի նիստին մասնակցելու էր եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:
Պատգամավոր Ծառուկյանը խորհրդարանում մնաց 20-25 րոպե, և, ըստ էության, քվեարկությանը մասնակցելուց հետո լքեց նիստերի դահլիճը:
Լրագրողները ԱԺ միջանցքում պատգամավորից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ էր իրեն ընդդիմադիր ուժ հռչակած «Ծառուկյան» խմբակցությունը հյուրընկալվել նախագահականում, երբ նույն կերպ իրեն ընդդիմադիր որակող ԵԼՔ-ը նախագահի հրավերը մերժել էր;
Հարցին ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ԱԺ բոլոր խմբակցություններին և դրանց ղեկավարներին, դրա համար էլ ինքը նախագահի հրավերը չի մերժել:
Լրագրողները պատգամավորից հետաքրքվեցին նաև՝ ինչո՞ւ է այդքան քիչ մասնակցում ԱԺ նիստերին:
Գագիկ Ծառուկյանը, լսելով բացակայությունների մասին հարցը՝ նշեց, որ ինքը գերադասում է ավելի շատ գործ անել. «Դուք գիտեք, որ բոլոր պատգամավորները վազելով գալիս են՝ ներկան ստանում են, հետո խորհրդարանը դատարկ է: Ես նախընտրում եմ գործ անել: Միայն այն, որ Եվրոպայից 70 պատգամավոր բերեցի այստեղ, էլ չասած մյուս գործերը; Այնպես որ՝ ես նախընտրում եմ գործ անել»,-ասաց Ծառուկյանը:
Լրագրողի դիտարկմանն՝ իսկ ինչպե՞ս է ստացվում, որ իր ունեցած 150 բացակայություններից 120-ը համարվել է հարգելի, ի՞նչ տեղեկնքների շնորհիվ է դա կազմակերպվել, Ծառուկյանը հավելեց. «Տեղեկանքները ներկայացրել եմ»:
Լրագողի հարցին պատասխանելու փորձ արեց Ծառուկյանի կողքին կանգնած Նաիրա Զոհրաբյանը, սակայն ԲՀԿ առաջնորդը նրան սաստեց՝ թույլ չտալով իրեն ուղղված հարցի պատասխանել:
Իսկ երբ լրագրողը Գագիկ Ծառուկյանին հիշեցրեց, որ ինքը պատգամավոր է և պարտավոր է նաև բացակայությունների վերաբերյալ հաշվետվությւն տալ, Ծառուկյանը ափերից դուրս եկավ. «Աղջի՛կ ջան, ես գիտեմ՝ ես ով եմ, դու իմացի՝ դու ով ես»: