Թուրքիայի զինված ուժերը թուրք-սիրիական սահմանային Հաթայ նահանգում շարունակում են զինտեխնիկա կուտակել և այնտեղ է ուղարկվել ևս 10 տանկ: Այս մասին հայտնում է թուրքական Habertürk-ը:

Տեկեղության համաձայն` Թուրքիան թուրք-սիրիական սահմանին ուժեր է մոբիլիզացնում Սիրիայի Աֆրինի շրջանում տեղակայված քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (YPG) և քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերին հարվածելու նպատակով:

 

Թուրքիան թուրք-սիրիական սահմանի Հաթայ նահանգում ուժերի կուտակումը սկսել է դեռ կիրակի օրը՝ հունվարի 14-ին: Առաջին օրը թուրք-սիրիական սահման էր ուղարկվել 5 տանկ, իսկ հունվարի 15-ին` 24 միավոր տարբեր տեսակի զինտեխնիկա, այդ թվում նաև զրահամեքենաներ և կապի ապահովման միջոցներ:

Թուրքիայի ԶՈՒ-ն հունվարի 14-ին հրետակոծել է Սիրիայի Աֆրին շրջանում տեղակայված քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» ռազմական թև հանդիսացող YPG դիրքերը:

Թուրքական ԶՈՒ-ն YPG դիրքերը հրետակոծել է թուրք-սիրիական սահմանի Հաթայ նահանգի շրջանում:

Հունվարի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զորքերը «մի գիշեր հանկարծակի կարող են գալ Աֆրին»: