Ես կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, մարտավարությունը ճիշտ է ընտրված, ուղղակի գուցե մի քիչ ավելի պետք է բարձրացվի ագրեսիվությունը, որովհետև ժողովուրդը՝ մարդիկ սպասում են կոնկրետ քայլերի, այդ «բարևներից» այն կողմ առայժմ դեռ գործն առաջ չի գնում: Ըստ իս՝ ամսի 10-ին արդեն որոշ բաներ կպարզաբանվեն, կհստակեցվեն, և այդ ֆոնի վրա հնարավոր կլինի և՛ մեկնաբանել, և՛ կանխատեսումներ անել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արկադի Վարդանյանը, ով ակտիվորեն մասնակցում է Ր. Հովհաննիսյանի հանրահավաքներին:

Քաղաքագետը, սակայն, նշեց, որ մեծ սխալ էր Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը, և գուցե դա էլ մարդկանց շատ հիասթափեցրեց. «Ես չեմ կարծում, որ այդ հանդիպումը ճիշտ էր, վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը շատ ճիշտ միտք արտահայտեց:Նա ասաց, որ այդ հարթակում չպետք է հայտնվենկասկածելի անցյալ և կասկածելի դիրքորոշում ունեցող անձինք: Ես կարծում եմ, որ նա նկատի ուներ հենց առաջին հերթին Գագիկ Ծառուկյանին, որի անորոշ խոսքերն այն մասին, որ իբր թե ժողովրդի կողքինէ՝ ինձ,մեղմ ասած, զարմացնում են:Ես չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում ժողովրդի կողքին լինել. դու կարող ես լինել ժողովրդի հետ կամ ժողովրդի մեջ, կամ՝ կողքին, ինչպես որ միշտ եսեղել ժողովրդի կողքին՝ կմճտելով ժողովրդի ունեցած-չունեցածը և հետո բարեգործական գործունեություն ծավալելով՝ այդ ժողովրդի գումարներով ձեռք բերած բարիքները ներկայացնես որպես բարեգործություն: Չեմ կարող դրական բնութագրել իմ վերաբերմունքը Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հանդիպման վերաբերյալ:

Իհարկե, Ծառուկյանը կարկառուն օլիգարխներից մեկն է և ոչ միայն կարկառուն օլիգարխ է, այլ նաև իր մեղքի բաժինն ունի, և բավականին ծանրակշիռ բաժինն ունի մարտի մեկիոճրագործություններում: Հավանաբար այդ զրույցի ընթացքում ճիշտ կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն այս հարցն ուղղեր՝ իսկ դու մարտի մեկին ժողովրդին կողքի՞ն էիր, թե՞ժողովրդի դեմ, ո՞րն է քո դերակատարությունը մարտի մեկի ողբերգական իրադարձությունների մեջ: Այդ հարցը չհնչեցրեց, բայց իրականում դա է բոլորից շատ մեր հասարակությանը բորբոքում և հետաքրքրում»:

Ա. Վարդանյանը տեսակետ հայտնեց, որ մի քանի ամսվա ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ իբր որպես այլընտրանքային ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքական-հասարակական գործիչ, բայց հետո այդ փուչիկը պայթեց. «Մենք տեսանք, որ այնտեղ ոչ մի ընդդիմադիր կեցվածք չկա և չի էլ կարող լինել, նախագահական ընտրություններին նա, փաստորեն, իբրև թե չմասնակցեց, այնպես որ՝ այդ 500.000 ձայները, որոնք իբրև թե նա ստացել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ուղղակի հերթական փուչիկն էր:

«Բարգավաճը» միշտ էլ իշխանական է եղել, ես զարմանում եմ՝ ինչպես կարող է երկրի գուցեև ամենախոշոր օլիգարխի ղեկավարած քաղաքական կառույցը, որը կոչվում է «Բարգավաճ Հայաստան»՝ ամպագոռգոռ անվանումով, ընկալվել որպես իրական, ճշմարիտ,ազնիվ քաղաքական պահվածք: Կուսակցության հետ կարծում եմ այդ «Բարգավաճ Հայաստանը» ոչ մի կապ չունի՝ ոչ այդ գաղափարախոսությունն ունի, ոչ քաղաքական-տնտեսական ծրագիր, այն կուսակցություն չպետք է ընկալվի:Դա ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք Ծառուկյանի ձեռքի ծավալին նայելով՝ իրար հետևից ղազերի նման քայլում են, այդքան բան»,-իր խոսքը եզրափակեց Արկադի Վարդանյանը: