Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան մշտապես կլինի Հայաստանի կողքին:
Ֆրանսիայի նախագահը հետաքրքիր է գնահատել ՀՀ Նախագահի հետ հանդիպումը՝ ավելացնելով, որ Հայաստանը երկար ճանապարհ է անցել՝ կառուցելով կայուն ժողովրդավարական երկիր արևմուտքի ու արևելքի միջև: «Այս բարդ տարածաշրջանում Ֆրանսիան ձեր կողքին կլինի և կօժանդակի, որպեսզի շարժվեք առաջ: 2018 թվականը շատ կարևոր է Հայաստանի համար»,- ասել է Մակրոնը՝ ավելացնելով, որ մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին Ֆրանսիայից կմասնակցի Արտաքին գործերի նախարարը: Միաժամանակ, Էմանուել Մակրոնը պաշտոնապես հաստատել է, որ գալիք հոկտեմբերին այցելելու է Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
«Մեր հանդիպման ժամանակ որոշեցինք լայնացնել ֆրանսերենի դերը կրթության մեջ, ընդլայնել Ֆրանսիական համալսարանը, ստեղծել մշակութային կենտրոն: Միաժամանակ, ցանկանում եմ բարձր գնահատել հայկական սփյուռքի դերը և հիշեցնել, որ հունվարի 30-ին մասնակցելու եմ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ընթրիքին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնի դիտարկմամբ՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները պահանջում են ավելի դինամիզմ և փոխանակություն՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և ծրագրային ապահովման ոլորտներում: