Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է թիմի նորեկին՝ Հենրիխ Մխիթարյանին և նշել.

«Մենք կորցրեցինք համաշխարհային կարգի ֆուտբոլիստի և ձեռք բերեցինք համաշխարհային կարգի ֆուտբոլիստ: Որքանով սա արդյունավետ կլինի, ցույց կտա ֆուտբոլիստների խաղը:

Մխիթարյանը թիմում ինտեգրվելու որակներն ունի: Նա թիմային խաղացող է, համոզված եմ, որ դա կաշխատի:

Նա նաև շատ ունիվերսալ է՝ կարող է խաղալ եզրում, կենտրոնում, և դա կօգնի մեր արդյունավետությանը: Մխիթարյանը ստեղծագործ ֆուտբոլիստ է և կարող է շատ ճշգրիտ փոխանցումներ կատարել: Նա գիտե, թե ինչ է բարձր մակարդակում պայքարելը: Չեմ կասկածում նրա վերաբերմունքի, աշխատասիրության վրա:

Նա մի փոքր տուժել է մրցակցությունից, այնպես որ, սա նրա համար մարտահրավեր է: Իմ խնդիրն է՝ նրան օգնել ամբողջությամբ արտահայտելու իր տաղանդը, ցանկանում ենք նրան օգնել հաջողության հասնել: Արդյո՞ք նա միանգամից կհայտնվի թիմում, կախված է նրա ֆիզիկական պատրաստվածությունից և մարզումներից:

Իհարկե, Մխիթարյանն ու Օզիլը կարող են խաղալ միասին»

«Արսենալ»-ը հունվարի 24-ին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակում կմրցի «Չելսի»-ի հետ: Հայաստանի ազգային թիմի ավագը չի կարող մասնակցել այս մրցաշարին, քանի որ մրցաշրջանի սկզբում արդեն մասնակցել է լիգայի գավաթի խաղարկությանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում: