ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը նախորդ տարվա տնտեսական ակտիվության 7.7 և արտահանման 25.2 տոկոսանոց աճի ցուցանիշներն աննախադեպ է համարում: Փոխնախարարի դիտարկմամբ` արդյունաբերական արտադրանքի ծավալի 12.6 տոկոս աճը ևս զգալի է, որն ապահովել են արտահանման կառուցվածքում տնտեսության առաջատար և նոր զարգացող ուղղությունները: «Նախորդ տարի արտահանման ոլորտում ունեցել ենք ընդգծված առաջատար ճյուղեր, որոնք մեր տնտեսության կառուցվածքում զգալի կշիռ են կազմում: Այդ ճյուղերի համար միջազգային շուկայի զարգացումները բավականին բարենպաստ են եղել: Ինչ վերաբերում է նոր զարգացող ճյուղերին, ապա ցուցանիշները ցույց են տալիս, որ առաջիկայում դրանց մասին դեռևս խոսելու ենք»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

 

Ըստ փոխնախարարի` առաջիններից է հանքարդյունաբերության ոլորտը, որը բարենպաստ գնային միջավայրի պայմաններում զգալի արտահանման աճ է արձանագրել` ավելի քան 60 տոկոս համեմատ 2016-ի: Երկրորդ խոշոր ճյուղը կոնյակագործությունն է: «Հիմնականում արտադրանքն ուղարկվել է ԵԱՏՄ շուկաներ, ունենք 35 տոկոսը գերազանցող աճ: Երրորդը ծխախոտի ոլորտն է, եթե երեք-չորս տարի առաջ Հայաստանում արտադրվող ծխախոտն իրացվում էր միայն մեր շուկայում, այսօր արդեն արաբական մի քանի պետություններ հանդիսանում են հայաստանյան ծխախոտի կայուն սպառողներ, այս տարի արձանագրել է 15 տոկոսը գերազանցող աճ»,-հավելեց փոխնախարարը:

Նախորդ տարվա համեմատ 40-50 տոկոսանոց արտահանման աճ արձանագրած նոր զարգացող ճյուղերի մեջ Տիգրան Խաչատրյանը առանձնակի տեղ հատկացրեց հայկական գինիներին, որոնց նկատմամբ միջազգային պահանջարկը գնալով աճում է: Նա նշեց, որ այս տարի այդ միտումները կշարունակվեն: «Հաջորդը դեղամիջոցներն են, ունենք 60 տոկոսը գերազանցող աճ, 15 միլիոն դոլարը գերազանցող արտահանում ունենք նաև թարմ մսի ոլորտում»,-հայտնեց պաշտոնյան: Չնայած թարմ մսի արտահանման ծավալների աճը նպաստել է տեղական շուկայում այդ ապրանքի գնի բարձրացմանը, այնուամենայնիվ, փոխնախարարն ուրախալի է համարում ոլորտի նկատմամբ արտաքին շուկաներից եկող ուշադրությունը: Նրա խոսքով` դա կնպաստի գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը և լավ հնարավորություն կլինի ոլորտի զարգացման համար: Տեսանելի աճ են արձանագրել նաև ջերմոցային տնտեսությունները` գյուղատնտեսական արտադրանքի և ծաղիկների մասով: Մի քանի տարվա դադարից հետո արտահանման շուկայում դիրքերն ամրապնդել է նաև թարմ ձուկը:

2017-ին արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.7 տոկոս, այն դեպքում, երբ 2014-ին այն կազմել է 4.1 տոկոս, 2015-ին` 3, 2016-ին` 0.7: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի տեմպը 2017-ին 4.5 անգամ ավելի է եղել 2014-ի ցուցանիշից: Ծառայությունների ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2014-ին կազմել է 9.6, 2015-ին` 1.6, 2016-ին` 7.2, 2017-ին` 14.4 տոկոս: 2014-ից հետո ավելացել է նաև արտաքին և ներքին առևտրի շրջանառության, արտահանման և ներմուծման ծավալի աճի տեմպերը: